Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդները տարածաշրջան կժամանեն դեկտեմբերի 5-ին


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության խաղա կարգավորմամբ զբաղվող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հարավկովկասյան տարածաշրջանային հերթական այցի ժամկետները ճշտվել են: Ամերիկացի ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները տարածաշրջանում կլինեն դեկտեմբերի 5-8-ը:

«Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան դեկտեմբերի 5-8-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ նրանց հայտարարությունների, իրենց առաջ երկու հիմնական խնդիր են դրել. առաջինը՝ որ կողմերի միջեւ կոնտակտները վերսկսվեն ե'ւ նախագահների մակարդակով, ե' նաեւ այլ մակարդակներով՝ առանց ճշտելու, թե «այլ»-ը ինչ նկատի ունեն: Երկրորդ, որ նոր մոտեցումներ եւ գաղափարներ առաջարկեն կողմերին, որոնք կլրացնեն գոյություն ունեցող առաջարկությունները ու որով նաեւ հիմք կստեղծվի բանակցությունների շարունակման համար», - ասաց Վարդան Օսկանյանը:

Նախարարը հարցին անդրադարձավ վրաստանյան իրադարձությունների կապակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը, նշելով, որ տարածաշրջանային ցանկացած ցնցում, անկայունության դրսեւորում մեծ հաշվով կարող է բացասական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, այդուհանդերձ ուղղակիորեն դրանք չկապեց իրար:

Միջազգային միջնորդների՝ տարիներ ի վեր գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման փոխընդունելի տարբերակ գտնելու ուղղությամբ անցած տարեսկզբին սառեցվել էին՝ հակամարտող երկրներում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացման հետ կապված:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ակնկալվում էր հոկտեմբերի 15-ին կայացած Ադրբեջանի նախագահի ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Սակայն անցած ամսվա վերջին Հայաստանի նախագահ Քոչարյանը ասել էր, որ նրանց այցը Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ հավանաբար կկայանա նոյեմբերի վերջին, քանի որ Արդբեջանի ղեկավարությունը «պատրաստ չէ» ավելի վաղ ընդունել բանագնացներին:

Նախապես ակնկալվում էր, որ միջազգային միջնորդները տարածաշրջանային այցի ընթացքում կողմերին ներկայացնելու են նոր առաջարկություններ: «Վճռական կլինի վերաբերմունքը այն առաջարկությունների նկատմամբ, որոնցով հոկտեմբեր-նոյեմբերին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - անցած սեպտեմբերին Երեւանում ասել էր ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Սակայն այս ամիս ավելի վաղ նույն Մերզլյակովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե «համանախագահները կողմերին չեն տալու թղթեր, որոնց վրա գրված կլինեն կոնկրետ առաջարկություններ, որովհետեւ այդպիսիք չկան»: Բանագնացները, ըստ նրա, գալու են «նոր գաղափարներով»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG