Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բաքու - Թիֆլիս - Ջեյհան նավթամուղի շինարարությունը ֆինանսավորվեց, եւ ովքեր թերահավատորեն էին դրան վերաբերում, այլեւս կասկած չունեն: Իսկ դա նշանակում է, որ առաջնահերթ է դառնում նավթամուղի անվտանգության հարցը: Ուրեմն պատերազմի օջախը պետք է վերացնել: Ուստիեւ մինչեւ 2005 թվականի վերջը ԼՂՀ հարցը պետք է լուծվի», - «Առավոտ» թերթում նախանշում է նախկին բարձրաստիճաններից Երջանիկ Աբգարյանը: «Դեկտեմբերի սկզբին Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան: Մինչ այդ պահը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սառեցված վիճակում է», - գրանցում է «Առավոտ»-ի մեկնաբանը՝ ուշադրություն հատկացնելով հետեւյալին. - «ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակում է առաջ տանել Հայաստանի նախագահական ընտրություններից հետո որդեգրած կուրսը, այն է՝ ԼՂՀ-ն պետք է անպայման ներգրավվի բանակցային գործընթացներում որպես իրավահավասար կողմ»: Մեկնաբանի ենթադրությամբ, ԼՂՀ նախագահը ստացել է նման հայտարարություններ անելու իրավասություն եւ՝ «հենց դրանով է պայմանավորված Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու հարցի թարմացումը»: «Առավոտ»-ում բերված են եւ մի շարք գործիչների տեսակետեր. «Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ: Հայաստանի տարածքները սակարկության առարկա լինել չեն կարող», - ասում է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու ձգտումը բնականոն է համարում. - «Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ: Հայաստանը պիտի լինի Ղարաբաղին օժանդակող կողմ: Հայաստանը մեկ խնդիր ունի՝ թույլ չտալ, որ Ղարաբաղի հետ խոսեն ուժի դիրքերից»: Արամ Սարգսյանի կարծիքով՝ Ղարաբաղի ակտիվացման գործում անմասն չէ Ռոբերտ Քոչարյանը. «Դա նաեւ ժամանակ ձգելու տարբերակներից է»: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հետեւյալ կարծիքին է. - «Մեղրու տարբերակը միֆ է, Մեղրին մեր ամենառազմավարական տարածաշրջանն է, եւ կարծում եմ, այն քննարկելը չի բխում մեր ժողովրդի կամքից եւ նման խնդիր չի կարող առաջանալ»: Ըստ Սահակյանի, Ղարաբաղի բանակցային կողմ դառնալը բոլորիս ցանկությունն է: Իսկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի ձեւակերպմամբ՝ ԼՂՀ-ն միշտ էլ եղել է բանակցային գործընթացների մեջ: Մեղրու տարբերակը, ըստ նրա, «գործել է որպես իդեա, բայց դե ֆակտո սեղանի վրա դրված չի եղել»:

Անդրադառնալով Ազգային ժողովում օրերս հնչած որոշ գնահատականների, «Հայոց աշխարհ» թերթը գրում է. - «Փորձ է արվում ներշնչել շարքային քաղաքացուն, որ իր բոլոր ձախողումները ոչ թե սեփական սխալների կամ ծուլության հետեւանք են, այլ պայմանավորված են իրենից ավելի հաջողակ ղարաբաղցիների՝ Հայաստանում ունեցած այս կամ այն պաշտոնով կամ էլ տնտեսության մեջ զբաղեցրած ինչ-ինչ դիրքերով... Ո՞ւր է տանում մեզ այս տգեղ, ամոթալի ու պառակտիչ կենցաղային ռասիզմը, մինչեւ ե՞րբ պետք է հանդուրժենք նրա դրսեւորումները մեր առօրյա կյանքում», - առայժմ հռետորական հարցով է ամփոփում «Հայոց աշխարհ»-ը:

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավոր Սարիբեկ Արամյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում հանցանքները միանգամայն ապացուցված, դատավճիռները միանգամայն լիարժեք է համարում: Դժգոհություն, սակայն, շարունակում է հնչել բոլոր կողմերից: «Եթե դատարանը հիմնավորված համարեց ե՛ւ Ջոն Հարությունյանին՝ սպանության կատարողին, ե՛ւ Արմեն Սարգսյանին՝ սպանության պատվիրատուին ներկայացված մեղադրանքը եւ եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա պատիժը բնավ էլ համարժեք չէր», - գրում է մասնավորապես «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Երբ սպանվում է մասնագիտական գործունեություն ծավալող պետական պաշտոնյա, բնավ էլ նույն կերպ քննություն չի կատարվում, ինչպես Տիգրան Նաղդալյանի սպանության դեպքում... Բացարձակապես տարբերություն չդրվեց մասնագիտական գործունեությունն իրականացնող անձի սպանության եւ ուղղակի սպանության միջեւ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր լրագրող, որ կարող է որեւէ մեկի վերաբերյալ անհաճո խոսքեր ասել, ապահովագրված չէ հաշվեհարդարից»։

Ոչ լրագրող պաշտոնյաների կյանքից «Ռազբորկա» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթն այսօր փոխանցում է. - «Եթե Շիրակի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, դեռեւս չի նշանակում, թե Ղուկասյանը քրեական պատասխանատվության կենթարկվի. շատ բան այս դեպքում կախված է Ռոբերտ Քոչարյանի կամքից... Իհարկե, Գյումրիի քաղաքապետը Ռոբերտ Քոչարյանին մեծ ծառայություններ է մատուցել, սակայն նույնը կարելի է ասել նաեւ ՀՅԴ-ի մասին, որի ներկայացուցիչն է Շիրակի մարզպետ, Վարդան Ղուկասյանի թիվ մեկ ախոյան Ռոմիկ Մանուկյանը»: Այստեղ բերված է եւ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի հավաստիացումը. - «Մարզպետը գործում է վարչապետի գիտությամբ, իր քայլերը համաձայնեցրել է կառավարության հետ»:

Արդարադատության նախարարությունը մերժեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վերագրանցումը եւ, ըստ «Հայկական ժամանակ»-ի, «կանխատեսումները, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ մտնելուց հետո սկսված կուսակցությունների վերագրանցման գործընթացն իշխանությունները կօգտագործեն իրենց անցանկալի ուժերին պատժելու համար՝ իրականանում են. - «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության գրանցման մերժումը ընդամենը նախավարժանք է հայրենի իշխանությունների համար: Վերջիններիս հիմնական թիրախը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG