Մատչելիության հղումներ

Քաղաքական կուսակցությունների թիվը Հայաստանում կիսով չափ կրճատվեց


Երկուշաբթի օրը լրացավ անցած տարվի նոյեմբերին ուժի մեջ մտած «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված ժամկետը, որի ընթացքում Հայաստանում գործող կուսակցությունները պետք է, իրենց հիմնադիրների ցուցակները, տարածքային ընդգրկումը եւ կանոնադրությունները համապատասխանեցնելով այդ օրենքին, փաստաթղթերը ներկայացնեին արդարադատության նախարարություն: Երկրում գրանցված 116 կուսակցություններից միայն 59-ն են ներկայացրել դրանք:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի խոսքերով, մնացած 57 կուսակցություննները պետք է լուծարվեն: «Նրանք փաստորեն այսօրվանից արդեն օրենքի դաշտից դուրս կուսակցություններ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուկուչյանը: - «Նրանք այսօր արդեն պիտի մտածեն միայն իրենց լուծարման պրոցեսների մասին»:

Չի բացառվում, որ փաստաթղթեր ներկայացրած կուսակցություններից էլ լինել չգրանցվողներ, որովհետեւ փաստաթղթեր ներկայացնելը դեռ վերագրանցում չի ենթադրում. մեկ ամսվա ընթացքում արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետները դեռ պետք է ուսումնասիրեն, թե դրանք որքանով են համապատասխանում Սահմանադրությանն ու օրենքին:

Վերագրանցաման հայտեր, անշուշտ ներկայացրել են բոլոր խոշոր կուսակցությունները: Մուկուչյանի փոխանցմամբ, արդեն մոտ երկու տասնյակ կուսակցություն վերագրանցվել է՝ Հայաստանի հանրապետկան կուսակցությունը, Դաշնակցությունը, «Օրինաց երկիր»-ը, «Ինքնորոշում» միավորումը, Հայաստանի նորացված կոմկուսը, որին միացել են Կոմունիստների միությունն ու Ինտելեկտուալների կուսակցությունը «ժողովրդավարական հայրենիք»-ը, որին միացել է «Մտավորական Հայաստան»-ը եւ այլն:

«Կուսակցությունների մասին» նոր օրենքը, ըստ էության, կուսակցությունների խոշորացում եւ դրանց ակտիվ գործունեություն է ենթադրում. պահանջվում է, որ կուսակցությունը ունենա առնվազն 200 անդամ, սկզբնական կազմակերպություններ՝ Երեւանում ու մարզերի առնվազն մեկ երրորդում եւ այլն:

Տիգրան Մուկուչյանը չհամաձայնեց, թե նման պահանջները ներկայացնելով խախտվում են կուսակցությունների քաղաքական իրավունքերը, կուսակցությունների խոշորացումը կարծես արհեստական ձեւով է կատարվում: Նրա խոսքերով, մինչեւ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելը գրանցված 116 կուսակցություններից շատերը որեւէ գործունեություն չեն ծավալել: «Ցավոք, կան դեպքեր, երբ նույնիսկ հիմնադիրները մոռացել են, որ հիմնադրել են նման կուսակցություն», - ասաց նա:

Փոխնախարարի խոսքերով, նոր օրենքն իրոք գործոն է հանդիսանում, որ քաղաքական դաշտում մնան որոշակի քաղաքական հենարան ունեցող կուսակցությունները:

Բազմակուսակցական ընտրություններ Հայաստանում սկսել են անցկացվել 1995 թվականից. այդ ժամանակ ընտրություններին մասնակցեց 13 կուսակցություն, 1999-ին եւ 2003-ին՝ 21-ական:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG