Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռումինիան քննարկում են տնտեսական կապերի սերտացման հնարավորությունները


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը Բուխարեստում բանակցություններ է վարել Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի հետ: Բանակցությունների ավարտին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով երկու երկրների միջեւ տնտեսական կապերը սերտացնելու մտադրությունը:

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ռումինիա է ժամանել կիրակի օրը: Քոչարյանն ու Իլիեսկուն այսօր նաեւ ստորագրել են համաձայնագրեր դիվանագետների՝ առանց մուտքի արտոնագրի փոխադարձ այցելությունների եւ արդյունաբերական սեփականության պաշտպանության վերաբերյալ:

Երեքշաբթի օրը ծրագրված է նախագահ Քոչարյանի հանդիպումը Ռումինիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այստեղ ապրող հայերի թիվը անցնում է 3 հազարից:

Ռոբերտ Քոչարյանը ձգտում է ստանալ Ռումինիայի աջակցությունը՝ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրացման ճանապարհին: Ռումինիան Եվրամիության անդամության թեկնածու է եւ արդեն 2007 թվականին կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG