Մատչելիության հղումներ

Ջոն Օրդուեյ. - «Ազատություն» ռադիոկայանի գործունեության դադարեցումը Հայաստանում «շատ տհաճ ցնցում կլինի»


Ուրբաթ օրը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց իր մտահոգությունը, թե «Զանգվածային լրատվության մասին» նոր օրինագծով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը կարող է փակվել:

Ըստ օրինագծի, լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես ձեռնարկատիրական կազմակերպություններ, բայց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային կազմակերպություն է, որի մասնաճյուղը, բնականաբար, չի կարող Հայաստանում վերագրանցվել որպես ձեռնարկատիրական կազմակերպություն:

«Շատ տհաճ ցնցում կլինի, եթե երկար տարիներ անբարենպաստ պայմաններում աշխատած ռադիոկայանը, որը կարողացել է աշխատել Խորհրդային Միության պայմաններում, որը դրա փլուզումից հետո կարողացել է աշխատել նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններում, հանկարծ ինչ-որ պատճառով ստիպված լինի դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում», - ասաց Օրդուեյը՝ ավելացնելով, թե դա «ծայրաստիճան տհաճ եւ ահավոր զարմանք» կլինի՝ անկախ փակման պատճառներից:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, դեսպանը անցնող տարվա հիմնական իրադարձությունները համարեց Հարավային Կովկասի երեք երկրներում անցած ընտրությունները: Հարցին, թե ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ը տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատելու համար, քանի որ ժողովրդավարական անբավարար գործընթացների մասին ԱՄՆ-ի մտահոգիչ հայտարարությունները մնացին սոսկ հայտարարություններ, դեսպանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, հայտարարությունները արտահայտել են այն իրականությունը, որ մենք տեսել ենք 3 երկրներում: Դրանք եւս մեկ անգամ հաստատում են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակել աջակցությունը եւ համագործակցությունը, որպեսզի հաջորդ ընտրություններում եւ, եթե հարկ լինի՝ դրանցից հետո էլ բոլոր թերությունները վերացվեն»:

«Շատ կարեւոր է , որ այս երկրների ժողովուրդները, քաղաքացիական հասարակությունները շարունակեն քաղաքականապես ակտիվ մնալ, ներգրավված մնալ քաղաքական զարգացումներում, որովհետեւ դա միակ ուղին է, որով կարելի է զարգացում ունենալ», - ընդգծեց դեսպանը՝ ավելացնելով. - «Այդ դեպքում մենք եւս կշարունակենք ակտիվ մնալ եւ կսատարենք այդ գորընթացներին»:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը , Ջոն Օրդուեյը ասաց. -«Մենք հավատացած ենք, որ հակամարտությունների լուծումը գտնելու համար ամենալավ դիրքը կունենան ազատ եւ արդար ընտրություններով կառուցված ամուր եւ ժողովրդավարական երկրները»:

Օրդուեյը ավելացրեց, որ իրենք որոշակի հիասթափություն են ապրել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում ընտրական գործընթացներից, սակայն դա չի նշանակում, թե հակամարտությունների չպետք է լուծում գտնեն:

«Հակամարտությունների լուծման կարեւորությունը եւ հրատապությունը որեւէ փոփոխության չեն ենթարկվել», - ասաց Օրդուեյը: - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է Հայաստանի եւ Արդբեջանի տնտեսական եւ քաղաքական շահերից»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG