Մատչելիության հղումներ

Սկսվեց «Հայաստան - սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների համաժողովը


Ծաղկաձորում ուրբաթ օրը մեկնարկեց «Հայաստան - սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցում են սփյուռքի եւ հայաստանյան շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դրա անցկացումը հնարավոր է դարձել Հանրային հեռուստառադիոյի խորհրդի եւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի համագործակցության շնորհիվ:

«Նպատակը շատ ազնիվ է, խնդիրները շատ հստակ են՝ դա համահայկական ընդհանուր լրատվական դաշտ ստեղծելու խնդիրն է», - հայտարարեց համաժողովի կազմակերպիչներից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ընդհանուր քարտուղար Թորոս Սակեյանը առաջնակարգ է համարում Հայաստանի եւ սփյուռքի մասնագիտական միավորումը տարբեր ոլորտներում: Նա հատկապես բարձր գնահատեց Հայաստանի արտգործնախարարության մասնակցությունը համաժողովի կազմակերպմանը: «Առաջին անգամ է, որ Հայաստանի պետությունը միասնաբար արտասահմանյան կազմակերպության հետ կազմակերպում է մի խորհրդաժողով, եւ դա, կարծում եմ, շատ լավ առաջընթաց է»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանը «պատմական իրադարձություն» որակեց համաժողովի կայացումն իսկ: «Որովհետեւ, երեւի 210 տարի առաջ «Ազդարար»-ի հրատարակության օրվանից մինչեւ օրս երբեք առիթ չի եղել, որպեսզի մեր ժողովրդի բոլոր հատվածների տեղեկատվության միջոցների ներկայացուցիչները միասին կարողանան հավաքվել եւ քննարկել իրենց բնագավառի խնդիրները», - փաստարկեց նա:

«Ինչպես անել, որ մեր համազգային շահերը ներկայացնող խնդիրները դառնան դոմինանտ մեր գործողությունների մեջ, եւ վերջ ի վերջո նպաստեն մեր ընդհանուր ազգային շահերին», - եռօրյա համաժողովի նպատակներից մեկը ձեւակերպեց «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG