Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ծավալվող գործընթացները գնահատելով «Պոպուլիզմը կերավ կոալիցիային» վերնագրի տակ, «Իրավունք» թերթի մեկնաբանը այդ առումով առանձնացնում է հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության վերջին համագումարն ու դրա ղեկավար Բաղդասարյանի ելույթը՝ ընդգծելով. - «Բաղդասարյանը տվեց այնպիսի որակումներ, որոնք չեն հնչել անգամ ընդդիմադիր գործիչների շուրթերից»: Մեկնաբանի դիտարկմամբ, Հանրապետական կուսակցության գործիչների հրապարակային ելույթներն էլ Աջափնյակի թաղապետական ընտրություններից հետո «ստանում են ընդդիմադիր երանգներ, որոնց սուր ծայրը ուղղված է հանրապետության նախագահի նստավայրի դեմ»: «Դա հասկանալի է, քանզի իշխանական կուլուարներում խոսակցություններ կան, որ տարեվերջին կամ 2004-ի սկզբին վարչապետի պաշտոնում Անդրանիկ Մարգարյանին կփոխարինի այլ գործիչ», - գրում է «Իրավունք»-ը՝ նախանշելով. - «Եթե հանկարծ Անդրանիկ Մարգարյանին իրոք սպառնա պաշտոնանկություն, ապա չպետք է բացառել այնպիսի առայժմ ֆանտաստիկ թվացող տարբերակ, ինչպիսին է ՀՀԿ-ի սերտ համագործակցությունը խորհրդարանական ընդդիմության հետ:

«Ե'վ երկրի հանրությունը, ե'ւ քաղաքական միտքն այն համոզմանն են, թե Աջափնյակի ընտրություններում իրենց հարաբերությունները ճշտեցին Ռոբերտ Քոչարյանն ու Անդրանիկ Մարգարյանը». այս խտացման շրջանակում է «Իրավունք» թերթում ներկայացված հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, եւ վերջինս ասում է. - «Ընտրությունների օրը կասկածելի զինված մարդիկ մտնում էին շենքերն ու ահաբեկում բնակիչներին: Ավելին՝ սրանց հետագայում միացավ նաեւ ոստիկանությունը: Սրանք բռնում էին մեր ակտիվիստներին, տանում գործող թաղապետի շտաբ ու ծեծում... Աջափնյակի ընտրությունները, սկսած քարոզարշավից մինչեւ օրս ընթացան ահաբեկումների բռնարարքների ու հաշվեհարդարների ճանապարհով»: «Բռնարարքների դեմ կանգնած եմ միայնակ», - հայտարարում է Գալուստ Սահակյանը: - «Ես կոնկրետ օրինակով փաստում եմ. Աջափնյակ համայնքը կոռուպցիայի բուն է: Այնտեղ ստվերային մեծ գումարներ են շրջանառվում: Ես մատնանշում եմ այդ ամենը ու հարցնում՝ մենք պայքարելո՞ւ ենք կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ»:

«Այբ-Ֆե» թերթի պատկերավորմամբ, Հայաստանում արտակարգ իրավիճակ է. թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանություններն ապշահար են, թե ինչպե՞ս եղավ, որ «Հանրաքվեի մասին» օրենքի քննարկումը մտավ Ազգային ժողովի մեծ օրակարգ: «Իշխանությունների զարմանքն ու հիասթափությունը եւ ընդդիմության զարմանքն ու ոգեւորությունն ուղիղ համեմատական են, եւ այդ քվեարկության հաջողությունը փնտրվում է ոչ թե ընդդիմության համախմբվածության եւ խորհրդարանական ճիշտ աշխատանքի, այլ` ընդամենը որոշ իշխանամետների անհասկացողության կամ որոշ հանրապետականների դավաճանության մեջ», - նշում է «Այբ-Ֆե»-ն՝ ավելացնելով. - «Քոչարյանականները ոչ այնքան «Հանրաքվեի մասին» օրենքի ապագա քննարկումի տեսլականից են խուճապահար, այլ առաջին հերթին այն իրողությունից ու հնարավորությունից, որ վաղը կամ մյուս օրն էլ ընդդիմությունն ու հանրապետականների մի մասը խորհրդարանում կարող են միավորվել, ընդ որում` շատ ավելի լուրջ մի խնդրի շուրջ, ասենք` իմպիչմենտի»:

«Քաղաքականության մեջ խրախճանք անող պոպուլիզմը, որ ընդամենը ժողովրդի աչքին թոզ փչելու գործավարություն է, հաստատապես սպրդել է նաեւ մեր իշխանության բոլոր օղակները», - մատնանշում է այսօր «Ազգ» թերթը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանից եկող մատուցումներին. Երեւանը շնչահեղձ է տրանսպորտից, ապօրինի կառույցներից, բենզակայաններից, համատարած ոչնչացված կանաչ տարածքներից, մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնյաները փորձում են համոզել, թե նոր քաղաքապետ Զախարյանի օրոք ինչ-որ էական տեղաշարժեր կան:

«Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում խմելու ջրից վարակվածների եւ հոսպիտալացվածների քանակն անցած օրերին աճել է», - արձանագրում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Բոլորի մոտ ախտորոշվել է դիզենտերիա, սակայն մասնագետները շատ հավանական են համարում հեպատիտի ի հայտ գալը:
Այդ հիվանդության գաղտնի շրջանն ավարտվում է վարակվելուց ամենաշուտը 26 օրից»: «Հայոց աշխարհ»-ում միաժամանակ ընդգծվում է, որ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը կարող է տարբեր պատճառաբանություններով այդպես էլ խուսափել որեւէ պատասխանատվությունից»:

«Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերն այսօր ուշադրություն են սեւեռում, որ առանց օրինական հղումների ու բացատրության ճնշումների են ենթարկվում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Կրեդիտ-Երեւան» բանկի նախկին նախագահ Մարտին Հովհաննիսյանի մերձավորները: Նրանցից մեկն էլ մտավախություն է արտահայտել, թե Մարտին Հովհաննիսյանին սպասվում է «Արդշինբանկ»-ի «Կենտրոն» մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Ստեփանյանի ճակատագիրը: «Հայկական ժամանակ»-ը զուգադրել է. - «Գագիկ Ստեփանյանը նույնպես «փախել էր» Հայաստանից, եւ դրանից շատ չանցած՝ առեղծվածային պայմաններում մահացել էր Մոսկվայում»: Թերթերը տարակուսում են նաեւ, թե իրավական ինչ հիմքով են ոստիկանները առգրավել Մարտին Հովհաննիսյանի կնոջ եւ քրոջ անձնագրերը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG