Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը կոշտ ելույթ է ունենում իր ղեկավարած կուսակցության համագումարում


«Օրինաց երկիր» կուսակցության 6-րդ համագումարում շաբաթ օրը կուսակցության նախագահ եւ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը իր նախընտրական ելույթ հիշեցնող զեկուցման մեջ խիստ քննադատաբար անդրադարձավ երկրի իշխանության ու կառավարության գործունեությանը:

Սեփական կուսակցությունը բնորոշելով որպես «աջ ու ձախ, նեղ ազգայնամոլական եւ շինծու ծայրահեղական, արմատական ու հեղափոխական տրամադրություններից ձերբազատված քաղաքական ուժ, որը «բարեկիրթ մեթոդներով եւ ռազմավարական ծրագրերով մեր երկիրն ու ժողովրդին տանում է դեպի քաղաքակիրթ ժողովրդավարական հասարակություն», Արթուր Բաղդասարյանը շարունակեց. - «Օրինաց երկիր» կուսակցության տեսակետից ՀՀ իշխանությունների կողմից վերջին տասնամյակում իրականացվող տնտեսական քաղաքականությունը տեսականորեն հռչակվել է բարեփոխիչ, սակայն արդյունքային տեսանկյունից չի բավարարում բարեփոխումների տրամաբանությանը»:

Ազգային ժողովի նախագահի խոսքերով, ակնհայտ է, որ առանձին դեպքերում իշխանական լծակները կիրառվել են տնտեսության գրավիչ ոլորտներում սեփական կլանային մենաշնորհների հաստատման, սեփականաշնորհման մեխանիզմները նեղ խմբակային շահերին հարմարեցման, իսկ մի շարք դեպքերում դրանց յուրացման հանցագործ ուղղությամբ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է», - շարունակեց Բաղդասարյանը, - «որ պաշտոնական տեղեկատվությամբ մատուցվող մակրոտնտեսական կայունությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը ծանր է: Նկատելի գործնական քայլեր չեն իրականացվում պետական կառավարման համակարգում կոռուպցիային դիմակայելու, օրինազանցությունները պատժելու, պատասխանատվության եւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ»:

Արթուր Բաղդասարյանի զեկույցից հետո դահլիճն անմիջապես լքեցին կոալիցիայի գծով «Օրինաց երկիր»-ի գործընկեր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, եւ Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ԱԺ նախագահի քննադատությունը, վարչապետը նախ ասաց. - «Մակրոտնտեսական ցուցանիշները՝ այն, ինչ մենք ունենք, իրական են, համապատասխանում են իրականությանը»:

Վարչապետի գնահատմամբ, կոռուպցիայի առկայությունն էլ երկրում «նորություն չէ». դա նշել են թե' հանրապետության նախագահը, թե' կառավարությունը: «Մենք ենք նախաձեռնողը երկու տարի առաջ այդ ծրագիրը [օրերս կառավարության նիստում հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր] կազմելու», - ասաց Մարգարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «Օրինաց երկիր»-ի օգտակար գործողության գործակիցը կոալիցիայում, Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Շատ լավ: Որովհետեւ, եթե կոալիցիայի մեջ չլինեին, շատ ավելի էին կառավարության դեռ խոսելու»:

«Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը համագումարի իր ելույթում ասաց. - «Մենք այսօրվանից ընտրական փուլի մեջ ենք: Մենք պետք է նախապատրաստվենք 2007 թվականի ընտրություններին»:

Արթուր Բաղդասարյանը, ով այսօր դառնալով 35 տարեկան, կարող է արդեն, ըստ Սահմանադրության, առաջադրվել նախագահի թեկնածու, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություններ կան, ասաց. - «Մենք նման ամբիցիաներ չունենք: Դրանք շահարկումներ են, որ կան քաղաքական դաշտում: Հայաստանի նման անկանխատեսելի երկրներում, որ չգիտես վաղը ինչ կլինի, անհեթեթ է նման բաների մասին խոսել»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG