Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեղադրական ճառը եւ պատժաչափերը լսող անտեղյակ մեկը կարող է տարակուսել՝ ի վերջո ո՞վ է սպանության պատվիրատուն: Այժմ ի՞նչ համոզմունք ունեք», - «Հայոց աշխարհ»-ի այս հարցին Տիգրան Նաղդալյանի հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը պատասխանել է. - «Արամ Սարգսյան - Ալբերտ Բազեյան - Ստեփան Դեմիրճյան եռյակը Տիգրանի ամենաոխերիմ թշնամին է եղել։ Նրանք հաճախ իրենց ելույթներում Տիգրանի հասցեին սպառնալիքները չեն էլ թաքցրել... Ես երբ ընտրությունների գնացի, ասացի՝ ոչինչ թող այս մի քվեաթերթիկն էլ անվավեր ճանաչվի, վերցրի ու ջնջեցի «Արդարություն» դաշինքը՝ տակը գրելով «մարդասպանների դաշինք»։

«Ամենակարեւորը, որ իմ եղբայրը վստահ է, որ ես իրեն չեմ կասկածում, ես էլ 100 տոկոսով վստահ եմ, որ իմ եղբայրը չէ այդ սպանության պատվիրատուն», - «Հայկական ժամանակ»-ում ասում է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Նա նորից պնդում է, որ Հայաստանում նախագահական արտահերթ ընտրություններ են լինելու: «Ես ասել եմ, որ 2-5 ամսվա ընթացքում լուծելու ենք իշխանափոխության խնդիրը: Սերժ Սարգսյանը հարցնում է, թե ե՞րբ է այդ երկու ամիսը: Ես նման հայտարարություն արել եմ 20 օր առաջ, ու ահա այդ պահից նա թող միացնի այս իշխանությունների գոյատեւման հաշվիչը», - ասում է Արամ Սարգսյանը: - «Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցությունը ոչինչ չանի ու ամեն օր զբաղվի այն գործով, ինչով զբաղված է Հայաստանի կառավարությունը, այսինքն, գնա Աշտարակի ձոր՝ խմելու, միեւնույն է, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու»:

«Իրավունք»-ի մատուցմամբ, իշխանափոխության մասին խոսակցություններ պտտվում են նաեւ իշխանական օղակներում: «Բայց այստեղ իշխանափոխությունը տեսնում են այլ կերպ, քան ընդդիմադիր դաշտում», - գրում է թերթը: - «Ըստ կոալիցիայի ներսում պտտվող լուրերի, առաջիկայում իշխանափոխության արդյունքում հանրապետության նախագահի պաշտոնը կստանձնի «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը, իսկ Միավորված աշխատանքային կուսակցության խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին կհատկացվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը»:

«Նոյեմբերի 5-ին եվրոպացիները բարձրացրեցին հերթական դեղին քարտը՝ գրպանում ունենալով կարմիրը, որը ցուցադրելու հարցում թեեւ նրանք այնքան էլ չեն սպասում, սակայն միայն առերեւույթ», - զգուշացնում է ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը՝ մեջբերելով Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի համատեղ հռչակագրից մի հատված. - «Չնայած Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերված զգալի աջակցությանը, 2003 թվականին Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին՝ անկողմնակալության եւ թափանցիկության ապահովության համար անհրաժեշտ քաղաքական կամքի ակնհայտ պակասի պատճառով»: Ըստ մեկնաբանի՝ հույսը, թե Բաքվում եղած ընդհարումները, Թբիլիսիում ձայն հաշվելու անկարողությունը հնարավորություն կտան Հայաստանին այլ պատկերով երեւալու, չարդարացավ. - «Եվրոպայի համար Հարավային Կովկասը դիտվեց մեկ ամբողջություն, հետեւաբար՝ գնահատականը եւս: Ճաշը եփվել է, եւ պետք է այն ուտել»:

Անդրադառնալով կառավարության նիստում հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությանը, «Հայկական ժամանակ»-ը առանձնացնում է. - «Կոռուպցիայի դեմ պայքարի ծիրում մի տեսակ արհամարհվում է կոռուպցիան բանակում, դատախազությունում, դատական համակարգում, ոստիկանությունում... չգիտես ինչու, հակակոռուպցիոն պայքարը որպես կանոն կիզակետվում է միայն բժիշկների ու դասախոսների վրա»: Թերթի բնորոշմամբ, դասավորությունը, կարծես, հակառակն է: Արձանագրելով, որ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացված զանգվածային լրատվամիջոցների դերին, նոր օրենքը, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանի, պետք է ավելի մեծ ազատություններ տա ԶԼՄ-ներին, ինչն ավելի թափանցիկ կդարձնի կառավարման համակարգը, «Հայկական ժամանակ»-ն ընդգծում է. - «Այս առումով, երկու անկախ հեռուստաընկերություններ փակած Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը, ի դեմս դրա պարագլուխ Գրիգոր Ամալյանի, կոռուպցիայի դասական դրսեւորում է: Գուցե հենց վերջինիս նստացնելով էլ սկսե՞նք պայքարը կոռուպցիայի դեմ: Դրանով ակնհայտ կդառնա, որ նախ՝ գործնականում պայքարում ենք կոռուպցիայի դեմ, եւ երկրորդ՝ ապահովում ենք թափանցիկություն»:

Վարակված ջրի ամենօրյա հրապարակումներից մամուլն անցել է ընդհանրացումների: «Մեր առօրյան բազմիցս ապացուցել է, որ մեզ համար ամենամեծ ու ամենավտանգավոր աղետը տարրական կարգուկանոնի, պատասխանատվության տարրական գիտակցության բացակայությունն է պետական պատասխանատու պաշտոնյաների զգալի մասի միջավայրում», - գրում է «Երկիր»-ը: - «Առկա է նաեւ հարցի մյուս՝ թերեւս, առավել մտահոգեցնող կողմը: Խոսքը վերաբերում է պետության կողմից իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու կարողականությանը... Մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ մեկը ցանկանա իրոք մայրաքաղաքի խմելու ջրի թունավորման միջոցով խուճապ եւ անկայունություն մտցնել թշնամիների պակաս չունեցող մեր երկրում: Դատելով իրերի ներկա վիճակից՝ դա դժվարություն չի ներկայացնի»: Այս ամենի խորապատկերի վրա «Երկիր»-ը առավել քան կարեւորում է ոչ միայն վթարի պատճառների լիակատար բացահայտումը, այլեւ մեղավորներին պատժելը:

«Իրավունք»-ի մեկնաբանը, սկսելով ջրի խնդրից եւ ավարտելով դատական համակարգով, գնահատականները խտացնում-բանաձեւում է. - «Հայաստանում բացակայում է պետական իշխանությունը: Իշխանությունը սպասարկում է ոչ թե քաղաքացիների մեծամասնության, այլ որոշակի «ախպերության» շահերը եւ փաստացի սեփականաշնորհված է վերջիններիս կողմից: Ու հենց քրեական իշխանությունն է պատճառը», - բխեցնում է թերթը, - «որ մարդիկ ձգտում են արտագաղթել երկրից: Ամեն օր ավելի ու ավելի շատ հայորդիներ իրենք իրենց հարց են տալիս. միգուցե իրո՞ք «երթալը կփրկե»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG