Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց հակակոռուպցիոն պայքարի ծրագիրը


Հինգշաբթի օրը կառավարության հերթական նիստում վերջապես հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ դրա իրականացման միջոցառումների ծրագրի հետ միասին: Համաշխարհային բանկի դրամաշնորհով մշակված ծրագրի վրա աշխատանքները սկսվել էին ավելի քան երկու տարի առաջ: Բուն ծրագիրը առայժմ չի հրապարակվել:

«Մեր իշխանությունները հասկանում են կոռուպցիայի հասարակական վտանգավորության աստիճանը, դրա՝ հասարակական չարիք լինելը», - նիստից հետո հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը: - «Հասարակությունը պիտի կարողանա ինքնապաշտպանությունից դրդված նաեւ միջոցներ ձեռնարկի, որպեսզի հասարակության մեջ այդ հոռի երեւույթները, որոնք կան, որոնց մասին գրված է նաեւ մեր ծրագրում, մենք կարողանանք նվազեցնել, եթե ոչ արմատախիլ անել»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարներին, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման ապահովման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

«Առանձին անդրադարձ է արված քաղաքական կոռուպցիային, պետական կառավարմանը, իրավապահ մարմիններին, դատական համակարգին: Ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ցուցաբերվել է համակարգային մոտեցում՝ առանձնացնելով կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք գերակա ուղղություններ», - տեղեկացնում է հաղորդագրությունը:

Ծրագրի մշակման աշխատանքները սկսվել էին երկու տարի առաջ՝ Համաշխարհային բանկի կողմի տրամադրված 345 հազար դոլար դրամաշնորհով: Ծրագիրը զգալի փոփոխությունների է ենթարկվել վերջին երկու ամիսների ընթացքում՝ իշխանական կոալիցիայի կուսակցություններից մեկի՝ Դաշնակցության պնդմամբ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG