Մատչելիության հղումներ

Հեռուստամարաթոնը փորձելու է միջոցներ հանգանակել գրականության զարգացման համար


Նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությամբ կանցկացվի հեռուստամարաթոն՝ անցած տարվա հունիսին Հայաստանի գրողների առաջին համահայկական համագումարի որոշմամբ ստեղծված Համահայկական գրական հիմնադրամը համալրելու նպատակով՝ «Գրականությանը՝ ազգային պաշտպանվածություն» խորագրով:

Հիմնադրամի հաշվին, որը պիտի ծառայի թե' հայաստանցի, թե' սփյուռքահայ գրողների ստեղծագործական եւ սոցիալական խնդիրների լուծմանը, անցած ամիս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կատարեց առաջին խոշոր ներդրումը՝ 100 հազար ԱՄՆ դոլար:

«Գրական հիմնադրամը ունի համահայկական բնույթ. ծառայելու է ոչ միայն Հայաստանի գրողներին, այլեւ սփյուռքի մեր գրական ընտանիքին, եւ այս երկու առանցքների միջոցով բանուկ կամուրջ պիտի կապի Հայաստանի գրողների միության եւ սփյուռքի գրական մասնաճյուղերի միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

«Մեր մտահոգությունն է՝ տեր կանգնելով գրքին, գրողին, գրականությանը՝ հրատարակչական ծրագրերով, սոցիալական ծրագրերով, ստեղծագործական ծրագրերով տեր կանգնել հայրենի գրականությանը», - շարունոշակեց Անանյանը՝ ավելացնելով. - «Սովորաբար նման ձեռնարկները կազմակերպվում են դրսում, արտասահմանում: Մենք վստահ ենք, որ նախ եւ առաջ Հայաստանը ինքը պետք է տեր կանգնի իր մշակույթին եւ իր գրականությանը: Եվ այնուհետեւ հեռուստամարաթոնը իր ծիրի մեջ կառնի սփյուռքը: Դա վստահաբար կլինի եկող գարնանը՝ սփյուռքի բոլոր համայնքները նախապատրաստվում են դրամահավաքին»:

Հրապարակապոս, գրող Զորի Բալայանը կոչ արեց շատ լուրջ մոտենալ առաջիկա հեռուստամարաթոնին: «Սա պարզապես դրամահավաքի ակցիա չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բալայանը: - «Պառակտված այս ժողովուրդը... Այն, որ մենք հաղթանակից հետո, կարծես թե, չենք կարողանում վայելել այդ հաղթանակը, դա մեր մեղքն է: Գրականությունը պիտի կարողանա շարունակել այն, ինչ եղել է պատերազմում»:

Դրամահավաքի արդյունքները կամփոփվեն 2004 թվականի ամռանը Երեւանում կայանալիք Գրողների համահայկական երկրորդ համագումարում:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG