Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանի հանձնարարականով հետաքննվում են համաճարակային իրավիճակի պատճառները


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ պարզելու Երեւանի Արաբկիր համայնքում ջրատարի վթարի հետեւանքով առաջացած համաճարակային իրավիճակի պատճառները:

Աշոտ Քոչարյանի խոսքերով, ուսումնասիրությունների եւ վթարի վերացման հնարավոր լուծումների վերաբերյալ պարբերաբար զեկույցներ են ներկայացվում երկրի նախագահին:

Գլխավոր դատախազության մամուլի հարցերով պատասխանատու Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների դատախազության, ինչպես նաեւ Կոտայքի մարզի դատախազության համապատասխան (պետական շահերի պաշտպանության) վարչությունները ուսումասիրություններ են կատարել ջրամատակարարման համակարգի վթարի վերաբերյալ եւ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, 2003 թվականի հոկտեմբերի 31-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու եւ ջրերը աղտոտելու փաստով հարուցել են քրեական գործ:

Առողջապահության նախարարության հիգիենիկ համակամաճարակային տեսչություն պետ Արտավազդ Վանյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ խմելու ջրի լաբորատոր զննումն այսօր բացիլներ չի հայտնաբերել:

«Սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ կատարվում է գերքլորացում եւ միանշանակ դա պահանջում է որոշակի մոնիտորինգ, որպեսզի մենք կարողնանք վերջնական արդյունքների մասին տեղեկացնենք բնակչությանը», - ավելացրեց Վանյանը՝ միաժամանակ կտրականապես հերքելով կասկածները, թե եռացրած ջրի մեջ անգամ վարակը պահպանվում է:

Անհայտ է, այդուհանդերձ, թե դեռեւս որքան ժամանակ Արաբկիրի եւ Կենտրոն համայնքների բնակիչները ստիպված են լինելու եռացրած ջուր օգտագործել:

Վանյանը պնդեց, թե իրավիճակը համաճարակային չի եղել: 200 մարդու հիվանդացության դեպքերը, նրա գնահատմամբ, ընդամենը «լոկալ բռնկում է»՝ եթե հաշվի առնենք, որ այդ տարածքում բնակվում է 250 հազար մարդ: Բայցեւայնպես, լուրջ աշխատանք է տարվել համաճարակային իրավիճակը կանխելու համար եւ ոչ միայն Արաբկիրում, այլ ամբողջ քաղաքում: Նրա խոսքերով, ջրատարները ամենօրյա հսկողության տակ են:

Ըստ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի, հիվանդների հոսքը պակասել է՝ այսօր ընդամենը 6 հիվանդ է ավելացել: Հիվանդների ընդհանուր թիվը շուրջ 180 մարդ է: Բուժվել ու հիվանդանոցից արդեն դուրս են գրվել 54 մարդ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG