Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդների տարածաշրջանային այցը կրկին հետաձգվում է


Հայ բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջազգային միջնորդները մինչեւ դեկտեմբեր հետաձգել են իրենց հերթական այցը տարածաշրջան՝ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքով:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների այցը ակնկալվում էր հոկտեմբերի 15-ին կայացած Ադրբեջանի նախագահի ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Սակայն անցած ամսվա վերջին Հայաստանի նախագահ Քոչարյանը ասել էր, որ նրանց այցը Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ հավանաբար կկայանա նոյեմբերի վերջին, քանի որ Արդբեջանի ղեկավարությունը «պատրաստ չէ» ավելի վաղ ընդունել բանագնացներին:

Դա հետագայում հաստատեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեը: Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել էին նրա խոսքերը, թե ադրբեջանական ընդդիմության կողմից վիճարկվող ընտրությունների արդյունքում հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիեւը զբաղված է «մի շարք կարեւոր հարցերի լուծմամբ»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը լրագրողներին փոխանցեց, որ Մինսկի խմբի համանախագահների այցը նախնականորեն պլանավորված է դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացում՝ ավելացնելով, թե այցի կոնկրետ օրը դեռեւս ճշտված չէ:

Նախապես ակնկալվում էր, որ միջազգային միջնորդները տարածաշրջանային այցի ընթացքում կողմերին ներկայացնելու են նոր առաջարկություններ: «Վճռական կլինի վերաբերմունքը այն առաջարկությունների նկատմամբ, որոնցով հոկտեմբեր-նոյեմբերին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - անցած սեպտեմբերին Երեւանում ասել էր ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Բաքվում լույս տեսնող «525-րդ թերթ»-ը (525-ci qezet), մինչդեռ, երեքշաբթի օրը պնդել է հակառակը. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին չեն տալու թղթեր, որոնց վրա գրված կլինեն կոնկրետ առաջարկություններ, որովհետեւ այդպիսիք չկան», - թերթի մեջբերմամբ ասել է Մերզլյակովը՝ ավելացնելով, թե բանագնացները գալու են «նոր գաղափարներով»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Արդբեջանի՝ արդեն նախկին նախագահ Հեյդար Ալիեւը, ըստ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինայի, «աներեւակայելիորեն մոտ էին» Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային լուծմանը անգամ 2001 թվականի բանակցություններից մեկ տարի հետո: «Մնում էր համաձայնեցնել սոսկ տեխնիկական հարցեր», - ասել էր Փերինան 2002 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած՝ հակամարտությանների լուծման խնդիրներին նվիրված կոնֆերանսում:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG