Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ե'վ ջրմուղի հետ կնքած պայմանագրերով, ե'ւ զուտ պարզ տրամաբանության թելադրանքով, տուժածներին ու նրանց հարազատներին փոխհատուցումներ պիտի տրվեն», - գրում է «Ազգ» թերթը՝ նշելով. - «Նախանձելի պարտաճանաչությամբ կրկնօրինակում ենք եվրոպական օրենքները, բայց կեղեւի տակ դարձյալ նույն վայրենի, գռեհիկ կենցաղավարությունն է։ Եվրոպայում կամ այլուր, ուր հարգում են սեփական ժողովրդի առողջությունն ու նյարդերը, նման դեպքում հաստատ մեղավորները խստագույնս կպատժվեին: Խուճապի ու հիասթափության այս օրերին չլսեցինք, թե պաշտոնյաներից որեւէ մեկը հրաժարական տվեց կամ զրկվեց աթոռից, կամ խղճի խայթից ինքնասպան եղավ»: «Ո՞վ պետք է դատի տա» հարցադրումով «Առավոտ»-ի խմբագրականը ուղղորդում է. - «Եթե ինչ-որ մեկը պիտի դատի տա «Երքաղջրմուղ-կոյուղի» ընկերությանը, ապա նախեւառաջ առողջապահության նախարարությունը։ Որպեսզի փոխհատուցի պետպատվերով բուժված, սակայն չծրագրված, հիվանդների վրա ծախսած միջոցները»: Արձանագրելով, որ «Երքաղջրմուղ-կոյուղի» ընկերությանը դեռեւս պետական է, «Առավոտ»-ը նաեւ հուշում է. - «Հետեւաբար, Երեւանի բնակիչները հանգիստ կարող են դատի տալ պետությանը»։ «Ցանկության դեպքում», - շարունակում է «Առավոտ»-ը, - «դա կարող է անել եւ կառավարությունը, քանի որ խոսքը պետական գերատեսչությունների մասին է։ Կամ կառավարությունը, առանց որեւէ հայցադիմումների, հնարավորություն ունի պարտադրել մեղավորին՝ բոլոր տուժածներին փոխհատուցում տալ։ Եվ սա ընդամենը շատ ավելի ազնիվ կլինի, քան խորհուրդ տալ տուժածներին՝ դիմել դատարան՝ նախապես իմանալով, որ ոչ ոք չի ցանկանա գլուխ դնել դատարանների հետ»։ «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ՝ ըստ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության մամուլի քարտուղարի, վթարի օջախը դեռեւս հայտնաբերված չէ»: Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը «Առավոտ»-ում բնութագրում է. - «Սա լոկալ բռնկում է՝ խիտ բնակեցված տարածքում»:

«Հայոց աշխարհ»-ի փոխանցմամբ, Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը Բաքվում ասել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել «մեղմ անվտանգության» ոլորտներում: Ըստ Շուգարյանի, խոսքը վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպես էկոլոգիան, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը եւ միջազգային ահաբեկչությունը:
«Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ Շուգարյանը չի թաքցրել, որ Երեւանն ակնկալում է բանակցությունների շարունակում՝ հաշվի առնելով Փարիզում եւ Քի Ուեսթում ձեռք բերված բանակցային հիմքը», - տեղեկացնում է «Հայոց աշխարհ»-ը: - «Ինչ վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկություններին, ապա, ըստ Շուգարյանի, դրանցում խոսք կգնա «ինչ-որ տերմինաբանական մոդիֆիկացիաների» մասին, իսկ առաջարկությունների հիմքը կմնա նույնը»: Նույն թերթի վերլուծաբանի հայացքով, Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման խնդիրը «է՛լ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում Թուրքիայի համար իր ներկա՝ գնալով ավելի ու ավելի վատթարացող աշխարհաքաղաքական շրջապատում որոշակի ճեղքեր բացելու եւ որեւէ ուղղությամբ բարեկամական երկրների միջավայր մտնելու համար»: «Այնպես որ», - եզրահանգում է մեկնաբանը, - «Թուրքիայի ներկա անհամբեր պահվածքը Ղարաբաղի հարցում այլեւս միայն «կրտսեր եղբորը» աջակցելու փորձ չէ, այլեւ սեփական անմխիթար աշխարհաքաղաքական կացությունը բարվոքելու բուռն ցանկություն»:

Նորից անդրադառնալով Մեղրիով Ադրբեջանից Նախիջեւան անցնող Մինջեւան - Ագարակ երկաթուղու ռելսերի ապամոնտաժմանը, «Հայկական ժամանակ»-ը բացատրություններ է փնտրում՝ նշելով նաեւ հետեւյալը. - «Շատ ավելի հավանական է, որ այս քայլով Հայաստանի իշխանությունները փաստորեն նախապատրաստում են Մեղրիի զիջումը»:

«Հայաստանում սառը քաղաքական պատերազմի իրավիճակ է», - «Առավոտ»-ում գնահատում է Լյուդմիլա Հարությունյանը: «Հետընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները կոմպլեմենտար քաղաքականություն են վարում նաեւ ներքին քաղաքականության ոլորտում», - ասում է «Արժանապատիվ ապագա» կուսակցության ղեկավարը՝ դրա ամենավատ դրսեւորումը դիտելով կոալիցիոն կառավարության ձեւավորումը: - «Խաղից դուրս իրավիճակում հայտնված կուսակցություններին՝ «Արժանապատիվ ապագա», ՀԺԱՄ, ՀՌԱԿ եւ այլն հասկացրին, որ քաղաքական դաշտում փոքր կուսակցությունների համար այլեւս տեղ չկա եւ ուղղակի առաջարկ արվեց՝ տարրալուծվել մեծ կուսակցություններում: Խաղից դուրս հայտնված կուսակցությունները հանկարծակիի են եկել: Մինչեւ այսօր նրանք տեսնում էին իրենց տեղը քաղաքական դաշտում, այսօր արդեն նոր դերի փնտրման մեջ»։

«Հայկական ժամանակ»-ի առաջին էջում «Համմեր» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայի լուսանկարն է: Մեքենան, ըստ թերթի, պատկանում է Հայոց բանակի գեներալ Սեյրան Սարոյանին: «Ուշադրություն դարձրեք ավտոմեքենայի վրա փակցված համարին՝ «SFS-777», - մատնանշում է «Հայկական ժամանակ»-ը: - «SFS»-ը գեներալի անուն, ազգանուն, հայրանվան առաջին տառերն են՝ Սեյրան Ֆիրդուսի Սարոյան: «777»-ը, ըստ ամենայնի, խորհրդանշում է նրա հրեշտակային էությունը, իսկ մեքենան ամբողջությամբ խորհրդանշում է այն, որ մեր բանակը, իրոք, ամենամարտունակն է տարածաշրջանում. մի վերապահումով միայն՝ եթե դեմդիմաց կռվելու դուրս գան տարածաշրջանի գեներալների ավտոմեքենաները»:

«Զանգվածային լրատվության» մասին օրենքի երկրորդ ընթերցումից առաջ իշխանությունը օրենքի տեքստի մեջ մտցրել է հետեւյալ նախադասությունը. «Արգելվում է այնպիսի տեղեկատվության տարածումը, որը կվնասի... արդարադատության հեղինակությանն ու անաչառությանը»՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով հայաստանյան արդարադատությանը միայն ծափահարելու պարտադրանքը», - բացահայտում է «Առավոտ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG