Մատչելիության հղումներ

Արձանագրվել է դիզենտերիայի մի քանի տասնյակ դեպք


Կիրակի օրը Երեւանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետեւանքով, երբ խմելու ջրատարին էին խառնվել անձրեւաջրերը (չի բացառվում նաեւ՝ կոյուղաջրերը), գրանցվել է աղիքային ինֆեկցիայի մի քանի տասնյակ դեպք: Մասնագետները հույս են հայտնում, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ կհաջողվի կանխել հիվանդության տարածումը:

«Հետազոտությունները հավաստել են, որ [խմելու ջուրը] հիգիենիկ նորմատիվներին եւ պետական ստանդարտներին որակական եւ անվտանգության ցուցանիշներով չի համապատասխանում», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը՝ հավելելով, որ Արաբկիր համայնքը մատակարարող ջրամբարում կատարվել է գերքլորացում, եւ ջուրը թեեւ այլեւս վտանգավոր չէ, բայց խորհուրդ չի տրվում այն օգտագործել խմելու կամ սննդամթերքի մշակման նպատակով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը տեղեկացրեց, որ առաջին հիվանդները հիվանդանոց են բերվել երեքշաբթի օրը, իսկ այսօր՝ օրվա երկրորդ կեսին հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը հասել էր 41-ի՝ 10 մեծահասակ եւ 31 երեխա, որոնցից ամենափոքրը 9 տարեկան է:

Ասոյանի հավաստմամբ, ծանր դեպքեր չկան, վերակենդանացման բաժնում դիզենտերիայով հիվանդ չկա: «Հիվանդությունը ընթանում է թեթեւ կամ միջին ծանրությամբ», - ասաց Ասոյանը: - «Այս աղիքային ինֆեկցիաների թաքնված շրջանը 2-4 օր է: Ինկուբացիան վերջացել է երեկ: Այսօր, վաղը դեռ մենք կունենանք ընդունելություն, ես կարծում եմ: Դրանից հետո պետք է որ նվազի»:

Նրա խոսքերով, շատ օգտակար եղան վթարի առաջին իսկ օրվանից ձեռնարկված տեղամասային ստուգայցերը՝ առաջին հիվանդները արագ հայտնաբերվեցին, եւ հիմա էլ տեղական պոլիկլինիկաները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ աշխատանքը:

«Ինֆեկցիոն հիվանդանոցից ես բժիշկներ եմ գործուղել այդ տեղամասային պոլիկլինիկաները, որպեսզի ավելի մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերվի», - տեղեկացրեց Ասոյանը՝ հավելելով, թե նաեւ այդ պատճառով է, որ այսօր հիվանդների թիվը այդքան քիչ է:

Վարակի աղբյուրը մեկն է, եւ Արա Ասոյանը հույս ունի, որ արդեն իսկ հայտնաբերված դիզենտերիայից բացի, աղիքային ինֆեկցիայի այլ վարակներ ի հայտ չեն գա:

«Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հավաստում է, թե վթարը լիկվիդացվել է՝ այդուհանդերձ խորհուրդ է տրվում ջուրն օգտագործել միայն եռացնելով հետո:

«Ողջ համակարգը իր ընդհանուր մաշվածության պատճառով ընդհանուր առմամբ խոցելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ջրմուղ-կոյուղի» ընկերության լրատվության հարցերով պատասխանատու Մուրադ Սարգսյանը՝ միակ ելքը համարելով շահագործման ժամկետն ավարտված խողովակաշարերի փոխարինումը՝ առանց վթարների սպասելու:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG