Մատչելիության հղումներ

«Արդարություն» խմբակցությունը պատգամավորական մեկ տեղ է կորցնում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող, սակայն վերջերս կուսակցությունից հեռացված Էմմա Խուդաբաշյանը դարձավ պատգամավոր: «Արդարություն» դաշինքը, այսպիսով, կորցրեց իր 15 մանդատներից մեկը:

Խուդաբաշյանը գրավեց անցած շաբաթ վախճանված պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի տեղը: Եւ քանի որ վերջինս ընտրվել էր «Արդարության» համամասնական ցուցակով, ըստ օրենքի, նրա տեղը պետք է գրավի ցուցակում հաջորդ տեղը զբացեցնող թեկնածուն:

Էմմա Խուդաբաշյանը անցած ամիս հրապարակավ քննադատել էր Ստեփան Դեմիրճյանին՝ նախագահական ընտրություններից հետո աջակիցներին հուսախաբ անելու, «ոչ բավարար ագրեսիվ» գործողությունների համար եւ հայտարարել էր, որ դուրս է գալիս ՀԺԿ-ի խորհրդից:

Կուսակցության ղեկավարները հերքել էին այդ քննադատությունը՝ Խուդաբաշյանի քայլը պայմանավորելով նրանով, որ վերջինս վիրավորվել է «Արդարության» ցուցակում իրեն 17 հորիզոնականում տեղ հատկացնելը: Նախորդ գումարման Ազգային ժողով Էմմա Խուդաբաշյանը անցել էր «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով, ուր 11-րդն էր:

«Արդարություն» դաշինքի առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, եթե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկեղծվեին, Խուդաբաշյանը անպայման կդառնար պատգամավոր:

Կարծիքները, թե Էմմա Խուդաբաշյանը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատից, որն իրեն է հասել մի կուսակցության համամասնական ցուցակով, որին ինքն այլես չի անդամակցում, չհաստատվեցին:

Խուդաբաշյանը որոշել է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը եւ գործել ընդդիմության դաշտում, սակայն՝ չանդամակցել «Արդարություն» խմբակցությանը:

«Ազգային ժողովում ընդդիմություն միայն ՀԺԿ-ն չէ: Ե'վ Ազգային ժողովում, ե'ւ Ազգային ժողովից դուրս», - ասաց նա՝ առանց մանրամասնելու, թե արդյո՞ք միանալու է Ազգային ժողովում 9 մանդատ ունեցող «Ազգային միաբանություն» խմբակցությանը:

«Ես ունեմ պարտավորություն ժողովրդի առաջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էմմա Խուդաբաշյանը: - «Բազմաթիվ անգամ հանդիպել եմ ժողովրդին, ելույթներ եմ ունեցել եւ լսել նրանց հոգսերն ու ցավերը: Անպայման բարձրացնելու եմ այդ հարցերը: Ես Ազգային ժողովում անելու եմ այն, ինչ պահանջում է ժողովուրդը»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն իրենց խմբակցության նոր անդամի գործունեության վերաբերյալ, ասաց. - «Տիկին խուդաբաշյանը ինքը պետք է որոշի իր քայլերը: Որեւէ որոշում «Արդարություն» խմբակցությունը չի կարող ընդունել. Ընտրական օրենսգիրքը եւ Ազգյաին ժողովի կանոնակարգը նման հնարավորություններ չեն տալիս»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG