Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ձգտելու է օրենսդրորեն ապահովել ահաբեկիչների ցմահ ազատազրկումը


Մինչ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հինգշաբթի օրը «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրող կողմը հրապարակում է մեղադրական ճառը, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը խորհրդարանականներին կոչ է անում պաշտպանել իրենց կողմից մշակված՝ «Ցմահ ազատազրկում առանց ներման իրավունքի» օրենքի նախագիծը:

«Արդարություն» խմբակցությունը դիմում է Ազգային ժողովի բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի հրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ եւ ընդունվի Քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ «Ցմահ ազատազրկում առանց ներման իրավունքի» օրենքի նախագիծը», - այսօր լրագրողներին ասաց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Դա հնարավորություն կտա, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործները մասնավորապես ենթարկվեն խիստ պատասխանատվության»:

Շարունակելով՝ Դալլաքյանը ասաց, թե եթե որեւէ քաղաքական ուժ չպաշտպանի իրենց այս նախաձեռնությունը, դա կնշանակի, որ այդ ուժը հովանավորում են ոճրագործներին:

Իսկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը թեւակոխել է վերջին՝ դատական վիճաբանությունների փուլը, եւ այսօրվա նիստում մեղադրողները սկսեցին կարդալ մեղադրական ճառը:

2001 թվականի փետրվարի 15-ին սկսված դատավարության ընթացքում, մեղադրական խմբի ղեկավար Գագիկ Ավետիսյանի ամփոփմամբ, հարցաքննվել են բոլոր ամբաստանյալները, բոլոր 91 տուժողները, իսկ ավելի քան 100 վկաներից հետազոտվել են միայն 44 -ի ցուցմունքները: Դատարանում գործի քննությունը սկսվել էր 13 ամբաստանյալներով, բայց 2001թվականին նրանցից վեցը համաներմամբ ազատ արձակվեցին:

Ավետիսյանի խոսքերով, դատավարության ընթացքում
ամեն ինչ արվեց գործի հանգամանքները օրենքի պահանջով ամբողջությամբ եւ լրիվ բացահայտելու ուղղությամբ: Դատարանում բացահայտված յուրաքանչյուր նոր հանգամանք տրամադրվել է այս գործից անջատված մասով նախաքննության մարմնին:

Ավետիսյանն ասաց, որ նախաքննական մարմինը կիսում է տարածված կարծիքը, որ այս գործով կան կազմակերպիչներ, օժանդակողներ, դրդիչներ, այսինքն՝ հանցագործության այլ մասնակիցներ. - «Այդ կարծիքին է եղել եւ է նախաքննական մարմինը, որը հատուկ այդ նպատակով գործի մաս էր անջատել եւ գործի քննություն է կատարվում: Այդ կարծիքին ենք եղել եւ մնում նաեւ մենք՝ մեղադրողներս»:

«Մենք մեղարդանքին լիովին միանում ենք», - լրագրողներին ասաց Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը, որը վերջին շրջանում հրաժարվել էր մասնակցել դատական նիստերին (Սարգսյանը «անիմաստ» էր համարել իր մասնակցությունը դատաքննությանը՝ փաստարկելով, թե դատարանը մերժում է իր բոլոր միջնորդությունները): - «Թե' նախաքննությունը, թե' դատաքննությունը իրոք հիմնավորեց, որ սրանք իրոք հայրենիքի դավաճաններ են»:

Կան, սակայն, մեղադրական ճառի մեջ օգտագործված ձեւակերպումներ, որոնց Սարգսյանը համամիտ չէ. - «Օրինակ, որ Նաիրի Հունանյանը ունեցել է անձնական թշնամանք Վազգեն Սարգսյանի եւ [Կարեն] Դեմիրճյանի հետ: Սա նշանակում է, որ մեղադրողները դատարանում փորձում են նորից մեզ համոզել, որ սա եղել է ընդամենը 7 հոգու մտահղացում եւ ամբողջը կազմակերպել եւ կատարել է Նաիրի Հունանյանը»:

Գագիկ Ավետիսյանի խոսքերով, ամբաստանյալներին նախաքննության առաջադրված մեղադրանքի ծավալներն ամբողջությամբ պահպանվելու են: Խնդիրը միայն քրեական հին օրենսգրքով առաջադրված մեղադրանքները նոր օրենսգրքին համապատասխանեցն է: Խոսքը վերաբերում է ոճրագործներին մահապատժի դատապարտելուն, ինչը, բնականաբար, մեղադրող կողմը չի կարող պահանջել, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոմվենցիայի 6-րդ արձանագրությունը վավերացնելով, Հայաստանի իշխանությունները վերացրին մահապատիժը:


Կարինե Քալանթարյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG