Մատչելիության հղումներ

Հայաստանը մոտ ապագայում կմիանա ԱՊՀ 11 երկրների միասնական էներգացանցին


«Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի») ընկերության նախագահ Անատոլի Չուբայսը մոտ է երկրի ղեկավարության կողմից իր առջեւ դրած գերխնդրի իրագործմանը՝ մեկ միասնական ցանցի մեջ ինտեգրել ԱՊՀ 11 երկրների էներգահամակարգերը։ Դրանցից 10-ն արդեն ինտեգրված աշխատում են միասնական սինխրոն ռեժիմով: Հայաստանը 11-րդն է։

Հայաստանը՝ այդ ցանցում ինտեգրելու խնդիրը թույլ կտա լուծել չորեքշաբթի օրը Անատոլի Չուբայսի եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրած «Էլեկտրաէներգետիկայի բնագավառում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցությունը խորացնելու հարցում ՀՀ վարչապետի եւ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» բաժնետիրական ընկերության նախագահի բանակցությունների արդյունքների մասին արձանագրությունը»:

Չուբայսի գլխավորած ռուսաստանյան էներգետիկ գերհսկան փաստացի արդեն վերահսկում է Հայաստանի հոսանք արտադրող հզորությունների ավելի քան 80 տոկոսը՝ ներառելով Մեծամորի ատոմակայանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Սեւան - Հրազդան հիդրոկայանների կասկադը։

Անատոլի Չուբայսը տարբեր երկրների ցանցերի միավորելու հարցում խնդիրներ չի տեսնում նույնիսկ կոնֆլիկտներից բզկտված այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է:

«Այն պատճառով, որ կան քաղաքական պրոբլեմներ, չպետք է հետեւություն անել, թե ամեն ինչ հարկ է կանգնեցնել, ամեն ինչ սառեցնել, ու սպասել, մինչեւ դրանք կլուծվեն։ Չեն լուծվի։ Իսկ գուցե՞ հակառակ ձեւով գործենք՝ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական միջոցներով, իսկ ընթացիկ տնտեսական, ֆինանսական կամ բիզնես հարցերը առաջ մղել։ Մենք տրամադրված ենք գործողությունների երկրորդ տարբերակին», - արձանագրության ստորագրումից հետո հրավիրված ասուլիսում ասաց Անատոլի Չուբայսը:

«Հայաստանի կառավարությունը գտնում է, որ այդ հարցը չպետք է կապել քաղաքական հարցերի հետ՝ Ղարաբաղի հաշվին։ Մենք միշտ պատրաստ ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բնականոն ու փոխշահավետ տնտեսական հարաբերություններ հաստատել եւ եթե պարոն Չուբայսը օգնի մեզ այդ հարցում, մենք երախտապարտ կլինենք նրան», - իր հերթին հայտարարեց Հայաստանի վարչապետը։

ՌԱՕ ԵէՍ-ի ղեկավարի փոխանցմամբ, իրենք նախ վերականգնելու են դեպի Ադրբեջան եւ դեպի Թուրքիա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, իսկ հոսանքի մատակարարումների վերականգման մասին խոսք կարող է լինել միայն հետագայում։ ՌԱՈ ԵԷՍ-ը խոշոր ծրագրեր ունի կապված հատկապես Թուրքիայի էներգետիկ շուկայի հետ։

«Այդտեղ մենք ունենք լուրջ դիրքեր ու իրական մտադրություններ՝ մասնակցելու բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցմանը Թուրքիայում, ինչը կարող է վերածվել դեպի այդ երկիր էլեկտրաէներգիայի համատեղ արտահանման պոտենցիալ օբյեկտի, երբ դժվար կլինի տարբերել, թե հոսանքը հայկական, ադրբեջանական, թե՞ ռուսական է։ Դա լայն հնարավորություն է ստեղծում ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության այլեւ՝ երրորդ երկրներում համատեղ գործելու առումով», - ասաց Անատոլի Չուբայսը։

ՌԱՈ ԵԷՍ-ի նախագահը, այսպիսով, հավակնում է անել այն, ինչ արդեն 10 տարիների ընթացքում չեն կարողանում անել ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը ու մյուս բոլոր միջնորդները, քանի որ Ադբեջանը Հայաստանի հետ տնտեսական համագործակցության որեւէ քննարկումից իսկ հրաժարվում է՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:

Անատոլի Չուբայսը այսօր վստահեցրեց, թե
Հայաստանի առանցքային էներգետիկ օբյեկտները Ռուսաստանի վերահսկողության տակ անցնելը ավելի հուսալի կդարձնի հոսանքի մատակարարումները, դեպի երրորդ երկրներ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման լայն հնարավորություններ կստեղծի եւ, իհարկե, ռուսական ներդրումների ներհոսքի լուրջ ազդակ կհանդիսանա։ ՌԱՈ ԵԷՍ-ի՝ Հայաստանի էներգահամակարգում ներդրումների կոնկրետ ծավալների մասին հարցին Չուբայսը պատասխանեց, թե այդ մասին հնարավոր կլինի խոսել էներգետիկ համակարգի վիճակը եւ ներդրումների պահանջարկը ուսումնասիրելուց հետո։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG