Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչը տարածաշրջանային այցը սկսում է Հայաստանից


Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, ֆինն դիվանագետ Հեյկի Տալվիտիեյին: Եռօրյա այցի ընթացքում ծրագրված են նաեւ Տալվիտիեյի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

«Մենք շատ լավ հանդիպում ունեցանք Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ», - հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հեյկի Տալվիտիեն:

Նա «շատ խոստումնալից» որակեց սեպտեմբերի 30-ին Բրյուսելում անցկացված Եվրամիություն - Հայաստան համագործակցության խորհրդի հանդիպումը. - «Մենք անպայման նոր թափ կհաղորդենք մեր հարաբերություններին Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նախագահ Քոչարյանի այցելությունը Բրյուսել հաջող լինի եւ արդյունքների հանգեցնի»:

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա զարգացումներին, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները:

Ֆինն դիվանագետի փոխանցմամբ, երկուստեք կարծիք է հայտնվել, որ հիմա բանակցային գործընթացում նոր խթան կա, եւ պետք է ուշադիր լինել՝ չկորցնելու համար նոր լիցքերն ու նոր թափը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցելությանը տարածաշրջան: Այն ակնկալվում է նոյեմբերի առաջին կեսին:

Հեյկի Տալվիտիեն, ով ժամանակին Մինսկի խմբում ներկայացրել է Ֆինլանդիան (երբ այդ երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն էր), ասաց, որ լավ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին, ում հետ իր հանդիպումը ծրագրված է այսօր ուշ երեկոյան:

«Ինձ համար կարեւոր է իմանալ նրա կարծիքը այդ (Ղարաբաղյան կարգավորման) հարցի շուրջ», - ասաց Տալվիտիեն:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG