Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընդդիմության այսօրվա հանրահավաքը մամուլում կազմակերպիչներից բացի որեւէ մեկին չի խանդավառել: Վերաբերմունքը հիմնականում թերահավատ-հեգնական է: Անդրադառնալով «Արդարություն» դաշինքից պատգամավոր Սմբատ Այվազյանի հեռագծմանը, թե «մեկ-երկու հանրահավաքից հետո երկրում իրավիճակը կփոխվի», «Այբ-Ֆե» թերթի խմբագիրը գրում է. - «Առաջին հանրահավաքից հետո, ենթադրվում է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուճապահար կճողոպրեն Հայաստանից: Երկրորդ հանրահավաքից հետո նրանց կհետեւեն կոալիցիոն կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը, եւ ընդդիմությունը կհասնի իշխանափոխության: Այ, եթե հաջողվի ձեռի հետ էլ մեկ-երկու հոգու նստացույց կազմակերպել, ապա Հայաստանը կդառնա աշխարհի ամենազարգացած երկիրը»:

«Եթե այդ միտինգները շարունակվեն արդեն եղած ձեւով, այսինքն լինեն նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների շարունակությունը, նույն դեկլարատիվ բնույթը կրեն, ապա, բնականաբար, նույն ավարտն էլ ունենալու են», - «Հայոց աշխարհ» թերթում նախանշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: - «Չունենալով նոր գաղափարներ, նրանց ակնկալած սրացումը չի լինի»: «Հայոց աշխարհ»-ի խմբագիրն էլ այսօր հիմնական գծերով տալիս է, թե ովքեր եւ ինչ են հնչեցնելու հրապարակում՝ «որքան աղքատ լինի միտքը, այնքան ավելի ճոռոմ բառերով այն կզարդարվի» շրջանակում:

«Արմատականները պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ իրենց բաղձանք իշխանափոխությունն իրականացնելու համար: Մնում է ցանկացած քայլն անելուն մղել հանրահավաքականների որոշակի զանգվածի». - սրանում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը տեսնում «Արդարություն» դաշինքի ղեկավարների ակտիվանալու գերնպատակը՝ ոչ թե իրենց անելիքը ներկայացնել եւ առաջնորդել հասարակությանը, այլ ժողովրդին «ներարկել» դիմելու քայլերի:

«Ընդդիմությունը կարծես աստիճանաբար ակտիվացնում է իր գործողությունները», - զգույշ ձեւակերպել է «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ ամեն դեպքում ավելի շատ կյանք ու ինտրիգ տեսնելով իշխանության ներսում: Առաջատար թեմայի՝ փոխնախարարական նշանակումների շրջանակում այստեղ ընդգծվում է, որ հայեցողական պաշտոնների վերաբաշխման խնդիրը ինչ-որ չափով ապակայունացնում է նաեւ վարչական մեքենայի աշխատանքը, քանզի այժմյան փոխնախարարների մեծ մասն ապրում է հնարավոր պաշտոնանկության տագնապով. - «Գումարած դրան, բացվում են նորանոր փոխնախարարական տեղեր, որոնք նույնպես ենթադրում են նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքի վերակառուցում, միջոցների վերաբաշխում եւ ուռճացում»: Իսկ «Հայկական ժամանակ» թերթում այս ամենի հետ մատնանշվում է նաեւ. - «Թեեւ կոալիցիայի ուժերը առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե կադրային լուրջ բանկ ունեն, սակայն, մասնագետ կադրերի լուրջ պրոբլեմ ունեն»:

«Եթե մինչ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունման ժամանակ, խստացումները շատերի կողմից ձեւակերպվում էին իբրեւ ճնշումներ, ապա այժմ լավագույն առիթն է վերանայման ենթարկելու կուսակցությունների գործունեության եւ բյուրեղացման ողջ գործընթացը», - կարծում է «Երկիր» թերթը: - «Հակառակ պարագայում այլեւս անհասկանալի կլինի մանր ու փոքրաթիվ այն խմբակների գործունեությունը, որոնք իրականում ակումբներ են ու ոչ երբեք կուսակցություններ, քաղաքական շարժումներ»։ «Կուսակցությունների իրավունքների մասին խոսելիս հարկ է նույն բծախնդրությամբ մոտենալ նաեւ հասարակության իրավունքներին, որը պարտավոր չէ անձնական փառասիրությունների, րոպեական ոգեւորությունների ու նեղացածությունների արդյունքում ծնունդ առած խմբակների առատության զոհը դառնալու, եւ հետընտրական հանդարտությունը կարող է այն լավագույն մթնոլորտը դառնալ, երբ շատերը խեթ չեն նայելու այս ամենին», - շեշտադրում է «Երկիր»-ը:

«Առավոտ» թերթի ուրվագծմամբ, արդեն չորրորդ տարին բոլորող «Հոկտեմբերի 27-ի գործով դատավարություն» անվանումով ներկայացումն արդեն կորցրել է իր երբեմնի հետաքրքրությունն այն բանից հետո, երբ հայտնի դարձան ավարտի բոլոր մանրամասները։ Ահաբեկիչների պարագլխին սպասվում է ցմահ ազատազրկում։ Մնացածներին գուցե ավելի մեղմ պատիժ տան։ Այսօր ակնհայտ է եւ այն, որ հնարավոր կազմակերպիչների որոնման աշխատանքները, որով իբր զբաղվում էր քննությունը, կամ փակուղի է մտել, կամ էլ ընդհանրապես նման աշխատանք չի տարվել»: Այսուհանդերձ՝ թե երբ է այդ ամենն ավարտվելու՝ նախկինի պես անհայտ է: «Քանի որ պրոցեսը վերջնականապես անհեթեթ մի ֆարսի է վերածվել, ուր բոլոր գործող անձինք շարունակում են խաղալ իրենց դերերն ավելի շուտ իներցիայով, քան անհրաժեշտությունից դրդված», - տարակուսում է «Առավոտ»-ը՝ եզրափակելով. - «Ժամանակն է այն ավարտել։ Չէ՞ որ արդեն ակնհայտ է, որ այն, ինչը չի պարզվել մինչ այժմ, միեւնույն է, չի բացահայտվի։ Իսկ դատական նիստը դարձնել ակնհայտորեն նապոլեոնյան կոմպլեքսով տառապող Նաիրի Հունանյանի համար ամբիոն ու մեզ պարտադրել լսել նրա անհեթեթությունները, արդեն ծախսատար եւ ձանձրալի գործ է դարձել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG