Մատչելիության հղումներ

Հանդիպել են Դաշնակցության եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավարները


Ինչպես հայտնի դարձավ հինգշաբթի օրը, կառավարող կոալիցիայի անդամ կուսակցություններից Դաշնակցության ղեկավարները չորեքշաբթի օրը հանդիպում են ունեցել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ:

Կայացած հանդիպման մասին տեղեկացնելուց հետո «Արդարություն» դաշինքի մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը ասաց. - «Ստեփան Դեմիրճյանը շատ խիստ հարցադրումներ կատարեց: Այն է, որ ճիշտ է, ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել տարբեր կոնկրետ հարցերի շուրջ տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց երբեւիցե մենք չենք մասնակցի այն ծրագրերին եւ այն լուծումներին, որոնք պատրանքներ են ստեղծելու, որոնք իմիտացիոն բնույթ են կրելու»:

Խաչատրյանի փոխանցմամբ, առաջիկայում կարող են Ազգային ժողովում լինել հարցեր, երբ Դաշնակցության ներկայացրած նախագծին «Արդարություն» դաշինքը կողմ քվեարկի: Խոսքը, մասնավորապես, Ազգային ժողովի ընտրությունները ամբողջությամբ համամասնական կարգով անցկացնելու մասին է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր դաշինքի ասուլիսին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը կտրականապես հերքեց մամուլում երեւացած դիտարկումները, թե վաղը «Արդարություն» դաշինքի հրավիրած հանրահավաքը որեւէ կերպ առնչվում է Ադրբեջանում ընդդիմության գործողությունների ակտիվացման հետ:

«Ի վերջո, լրանում է «Հոկտեմբերի 27»-ի չորս տարին եւ մենք պարտավոր ենք հանդես գալ համապարփակ գնահատականով այդ հանցագործության վերաբերյալ», - ասաց նա: Հանրահավաքի օրակարգում կլինեն ոչ միայն քաղաքական, այլեւ էական այլ խնդիրներ: Խոսքը հիմնականում ջրի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների հնարավոր բարձրացման մասին է, ինչը «ուղղակիորեն հարվածում է բնակչության սոցիալական շահերին»:

Բազեյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ շաբաթ ընդդիմությունը կազմակերպելու է սեմինար «Հայաստանը հոկտեմբերի 27-ից առաջ եւ հետո» թեմայով, ուր մտադիր են արծարծել թե' տնտեսության զարգացման, թե' քաղաքական մթնոլորտի եւ թե' ներհանրապետական կյանքի այլ ոլորոտներին առնչվող խնդիրներ:

Հանրահավաքում անշուշտ կխոսվի նաեւ կառավարող կոալիցիայի շրջանականերում հայեցողական պաշտոնների բաշխման վերաբերյալ:
«Մեր կուսակցությունները երեւի ոչ ճիշտ կողմնորոշման մեջ են, որովհետեւ իշխանության «հսկիչ փաթեթը» գտնվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքում», - այդ կապակցությամբ ասաց Բազեյանը՝ փաստարկելով, թե նախագահն ու պաշտպանության նախարարն են վերահսկում կարեւորագույն ոլորտները:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG