Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը չի շտապում արձագանքել Ադրբեջանի նախագահի ընտրություններին


Հայաստանը առայժմ պաշտոնապես չի արձագանքել երեկ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքին, ըստ որի իշխանությունը հայր Ալիեւից անցավ որդի Ալիեւին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը, արդեն հայտնի տեսակետերում որեւէ փոփոխություն չկա: Այս ամիս ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շեշտադրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շարունակականությունը: «Մեզ համար այստեղ հիմնականը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, կարգավորումն է, նաեւ՝ այդ հարցի շարունակականության ապահովումը», - ասել էր Օսկանյանը - «Իլհամ Ալիեւի առավելությունը մյուսների նկատմամբ այն է, որ նա տեղյակ է իր հոր գործունեությունից: Համոզված եմ, որ տեղյակ է սեղանի վրա եղած վերջին փաստաթղթի բովանդակությունից: Այդ բոլորը, ես կարծում եմ, մեզ առնվազն հույս է տալիս, որ նա եղածներից երեւի թե ամենամեծ հավանականությունն ունի շարունակելու գործընթացը այն կետից, ուր ընդհատվել է»:

Դաշնակցության բյուրոյի քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով, Ադրբեջանի հետ ինչ-որ հարցի շուրջ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ «Ադրբեջանում լինի կայուն վիճակ»:

«Այդ կայունությունը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, որպեսզի կարելի լինի ինչ-որ հարցերի շուրջ ե'ւ պայմանավորվածության գալ, ե'ւ այդ պայմանավորվածությունը իրականացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանոյանը:

Երեկ Ադրբեջանում կայացած քվեարկության նախանական արդյունքներով, Իլհամ Ալիեւը ստացել է ընտրողների գրեթե 80 տոկոսի ձայները: Ընդդիմադիր թեկնածու Իսա Ղամբարը, որը 12 տոկոս ձայն է հավաքել, պնդում է, թե քվեարկությունն անցել է զանգվածային խախտումներով: Ղամբարի կողմնակիցները բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացնում Բաքվում: Իրավապահների հետ բախումներում, ըստ հաղորդումների, կան զոհեր:

Եվրոպայի անվտանգության եւ համգործակցության կազմակերպության առաքելության դիտորդները նույնպես իրենց նախնական եզրակացության մեջ նշել են, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները անցել են խախտումներով եւ չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի, Իլհամ Ալիեւը պետք է որ տեղյակ լինի Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մանրամասներին: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի համար նշանակություն չունի, թե ինչպես են անցել ընտրությունները Ադրբեջանում:

«Ադրբեջանում ժողովրդավարական իշխանություն է ընտրվել թե ոչ ժողովրդավարական, զուտ ներքին առումով որեւէ նշանակություն չունի Ղարաբաղի ժողովրդի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աթանեսյանը: - «Մեր իշխանությունների համար եւ մեր ժողովրդի համար տարբերություն չկա, թե ում հետ մենք պետք է ճշտենք այդ հարցերը, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG