Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Զուգահեռներն ու զուգադիպությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրություններում չափազանց շատ են», - ի մի է բերել այսօր «Առավոտ» թերթը՝ մասնավորապես թվարկելով. - «Նախընտրական շրջանում Ադրբեջանի պետական հեռուստաալիքով ցուցադրում էին, թե ինչպես է նախագահի որդի եւ վարչապետ Իլհամ Ալիեւը շրջագայում երկրով, բացում գործարաններ ու ֆաբրիկաներ, սպորտային համալիրներ։ Եվ այս ամենն ուղեկցվում էր կադրից դուրս ձայնով, թե այս ամենն իրականացվում է Ալիեւի բռնած կուրսի շնորհիվ։ Բացի այդ, նախընտրական քարոզչամեքենան Իլհամ Ալիեւին համարում էր մարդ, որն ավելի լավ է հասկանում երիտասարդության խնդիրներն ու ստեղծում նոր աշխատատեղեր։ Ադրբեջանական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ ի մի գալ միասնական մեկ թեկնածուի հարցում։ Ընտրությունների նախաշեմին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե կեղծիքների դեպքում բնակչությանը հանրահավաքի ու անհնազանդության կոչեր կանեն։ Արդեն երեկ, մինչեւ ընտրությունների ավարտը, ադրբեջանցի լրագրողները հայտարարեցին, թե ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների դեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես՝ քվեաթերթիկների լցոնման, քվեարկությունից առաջ քվեաթերթիկները չհաշվելու դեպքեր, ու այս ամենը միջազգային դիտորդների աչքի առաջ։ ԱՊՀ դիտորդների խումբը, ինչպես եւ մեզ մոտ, ղեկավարում էր Յուրի Յարովը, իսկ եվրոպացիների խումբը՝ Պիտեր Այքերը։ Առաջինը գոհ է ադրբեջանական ընտրություններից, երկրորդը՝ դժգոհ»:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի հայացքով, որ ներկայացվում է «Հայոց աշխարհ» թերթում, Ադրբեջանի վրա արտաքին ճնշումները հիմնականում այնպիսին են, որ խուսափեն անցանկալի զարգացումներից եւ հիմնականում ապահովեն դինաստիական այդ հաջորդականությունը, այլ ոչ թե հանգեցնեն լուրջ բախումների։ Իսկ լուրջ զարգացումներ ու բախումներ այնտեղ կարող են ծագել մի քանի ամսից՝ «իշխանությունների լիազորությունների եւ, վերջիվերջո, սեփականության վերաբաշխման նկրտումների հետ կապված»։ «Ադրբեջանական նոր իշխանության դիրքերն ուժեղացնելու համար տարածաշրջանով հետաքրքրված բոլոր տերությունների կողմից ընդհանուր գիտակցումը կա, որ կրտսեր Ալիեւին անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն։ Այս տեսանկյունից, ի պաշտպանություն Իլհամ Ալիեւի, դեմարշի հասնող քայլեր են արվել թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների կողմից։ Եւ գուցե այդ քայլերը շարունակվեն նաեւ բանակցային գործընթացի ժամանակ», - ասում է Զոլյանը։ «Արդյոք պատահակա՞ն է, որ Հայաստանի ընդդիմության հայտարարած հանրահավաքային ակտիվացումը համընկնում է Ադրբեջանում սպասվող հետընտրական լարվածությանը» հարցին քաղաքագետը պատասխանել է. - «Ձեր հարցը ենթադրում է, որ ասեմ՝ պատահական չէ, որ բնականաբար, դա պետք է ղեկավարվի մի կենտրոնից։
Սակայն, կարծում եմ, որ Հայաստանի ընդդիմությունն իր համար իներցիոն ուժ է։ Ըստ իս, դա ուղղակի զուգադիպություն է»:

«Այբ-Ֆե» թերթի թղթակիցը, որ վերջերս եղել է Միացյալ Նահանգներում եւ տեղի որոշ պաշտոնյաների ու լրագրողների հետ զրուցել նաեւ Ադրբեջանի ընտրությունների շուրջ, մասնավորապես փոխանցում է. - «Ըստ ԱՄՆ շահագրգիռ շրջանակների, Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը կմտնի նոր փուլ: Միացյալ Նահանգներում ենթադրում են, որ Ղարաբաղյան խնդրով բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերին»: Պաշտոնյաներից մեկը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, նշել է, թե համանախագահները վերջին 18 ամիսների ընթացքում շատ լավ են աշխատել: Իսկ ընդհանուր առմամբ, այնտեղից հայ-ադրբեջանական մրցակցությունը տեսնում են այսպես. - «Երկու ժողովուրդներն էլ մտածում են, որ ժամանակը իրենց օգտին է աշխատում. Հայաստանում խորհում են, որ 10 տարի հետո ադրբեջանցիները «հավես չեն ունենա Ղարաբաղի մասին խոսելու», իսկ ադրբեջանցիներն էլ կարծում են, որ 10 տարուց իրենք ավելի հարուստ կլինեն, ու այդ ընթացքում ավելի շատ հայեր Հայաստանից արտագաղթած կլինեն»:

Ընդդիմության նոր ակտիվության շեմին «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը գրում է. - «Թող որեւէ մեկը գոնե մեկ դեպք հիշեցնի, երբ հայկական ընդդիմությունը ժողովրդի աջակցությամբ իշխանավորներին ստիպել է գոնե մի աննշան զիջման գնալ: Ուրեմն՝ պե՞տք է արդյոք մեզ նման ընդդիմություն, որ խորհրդարանից խորհրդարան է քոչում, նույն կարգախոսերը ցնցում եւ իշխանությանը քննադատում՝ առանց գործին օգնելու»: Մեկնաբանի շեշտադրմամբ, 12 տարվա մեջ Հայաստանում ընդդիմությունը երբեւէ իշխանության չեկավ ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունը խախտում էր օրենքը, այլեւ՝ «որովհետեւ ընդդիմության մեջ միշտ նույն մարդիկ են, ում իշխանությունը բանի տեղ չի դնում»: Սրանից էլ բխեցված է. - «Այսօր Հայաստանին իրոք, ինչպես երբեւէ, ընդդիմություն է պետք: Բայց՝ ոչ այնպիսին, որին իշխանությունը չի հարգում, որը գոռգոռալուց բացի ոչնչի ընդունակ չէ, որը ձեռնտու է իշխանությանը եւ միշտ պատրաստ է նրա հետ գործարքի գնալ»:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Հայկական ատոմակայանի փակումը ներառել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի 2004 թվականի իր ծրագրում: Անդրադառնալով սրան, «Հայկական ժամանակ» թերթն այսօր տալիս է այսպիսի մի ծալք. - «Դեռեւս մի քանի ամիս առաջ ամերիկացի մի բարձրաստիճան դիվանագետ հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ զգուշացրել է, որ եթե հայկական ԱԷԿ-ի կառավարումը հանձնվի Ռուսաստանին, ԱՄՆ-ը ստիպված կլինի հակազդեցության լուրջ միջոցներ ձեռնարկել»: «Թե ինչպիսին է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում, պարզել չհաջողվեց», - նշում է այսօր «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Էներգետիկայի նախարարությունից մեզ հայտնեցին, որ խնդիրը ավելի շուտ քաղաքական է, եւ դրան ի պաշտոնե կարող է պատասխանել միայն նախարարը։ Սակայն վերջինս խիստ զբաղված էր»։ Իսկ մեկնաբանի կարծիքով, ամերիկացիների պատճառաբանությունը արդարացված չէ. - «Եթե խնդիրը վերաբերում է անվտանգության միջոցառումներին, ապա հարց է առաջանում, իսկ ո՞վ ասաց, որ Հայկական ատոմակայանն ավելի վատ է պաշտպանված, քան, ասենք, նույն Միացյալ Նահանգների ատոմակայանները։ Վերջին հաշվով Հայկական ԱԷԿ-ը փակելու հարցը Հայաստանը գործնականում չի մերժում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչ միջոցներով պետք է փոխհատուցվեն ԱԷԿ-ի ռեսուրսները», - շեշտադրվում է «Հայոց աշխարհ»-ում։ - «Այս դեպքում էլ ֆինանսական օժանդակության խնդիրը բաց է մնում... Միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանում դեռեւս չկան ատոմակայանին փոխարինող այլընտրանքային արդյունավետ ռեսուրսներ եւ հազիվ թե դրանք հաջողվի ստեղծել հաջորդ տարվա ընթացքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG