Մատչելիության հղումներ

Օսկանյանը շնորհավորում է Կալիֆորնիայի նորընտիր նահանգապետին


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը շնորհավորական ուղերձ է հղել անցած շաբաթ Միացյալ Նահանգների ամենահայաշատ նահանգի՝ Կալիֆորնիայի նորընտիր նահանգապետին՝ հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերին:

«Իր անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության եւ Կալիֆորնիայի նահանգի միջեւ ամուր կապեր են հաստատվել եւ ես համոզված եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ եւ առավել կամրապնդվեն», - ասված է ուղերձում, որը հրապարակել է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

«Ինձ համար խիստ գնահատելի է Ձեր շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 12-րդ տարեդարձի կապակցությամբ», - գրում է Վարդան Օսկանյանը: - «Ես համոզված եմ, որ այդ ուղերձը լավագույնս ընդունվեց նաեւ Կալիֆորնիայի մեծաքանակ հայ համայնքի կողմից»:

Շվարցենեգերի՝ քվեարկությունից երկու շաբաթ առաջ հրապարակված այդ ուղերձը, որը նպատակ էր հետապնդում ստանալ Կալիֆորնիայում ապրող հարյուր հազարավոր հայերի աջակցությունը, ողջունել էին Ամերիկայի հայկական կազմակերպությունները:

«Ամերիկահայ համայնքը գնահատում է ձեր ուղերձը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ՝ Կալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ կապերը ամրապնդելու ձեր հանձնառությունը», - Շվարցենեգերին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Պիտեր Ոսպիկյանը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG