Մատչելիության հղումներ

Նշվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման 60-ամյակը


Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման 60-ամյակի առթիվ հինգշաբթի օրը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին ներկա էին երկրի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության ղեկավարն ու գրեթե բոլոր անդամները, քաղաքական գործիչներ, բազմաթիվ հյուրեր արտասահմանից:

Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943 թվականին, եւ այս տարիների ընթացքում ունեցել է միայն երեք նախագահ՝ հիմնադիր նախագահ, արեւելագետ Հովսեփ Օրբելին, ակադեմիան ավելի քան չորս տասնամյակ գլխավորած աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ ներկայիս նախագահ Ֆադեյ Սարգսյանը:

Վերջինս իր զեկուցման մեջ այսօր ներկայացրեց ակադեմիայի վաթսունամյա գործունեությունը: Սարգսյանի խոսքերով, անցած տարիների ընթացքում ձեւավորվել են հայկական գիտական դպրոցներ, ստեղծվել ու զարգացել են գիտության հույժ կարեւոր կիրառական եւ հիմնարար ուղղություններ, պատրաստվել են բարձրորակ գիտական կադրեր՝ մեծապես նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլեւ նախկին Խորհրդային միության գիտաարդյունաբերական ներուժի զարգացմանը:

Հոբելյանի առիթով այսօր գիտնականներից շատերը պարգեւատրվեցին «Մխիթար Հերացի» եւ «Անանիա Շիրակացի» մեդալներով, արժանացած Հայաստանի վաստակավոր գիտնականի կոչման: Պարգեւները հանձնելով, նախագահ Քոչարյանը շեշտեց. - «Կարծում եմ, ինչպես երկիրն է ապրում բարեփոխումների շրջան, ակադեմիան նույնպես ներքին բարեփոխումների կարիք ունի: Այդ բարեփոխման տեմպերը եւ ուղիները պետք է որոշեք դուք ինքներդ՝ նկատի առնելով առկա իրողությունները»:

«Գիտությունը այն կարեւոր գործոնն է, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ արդիական երկիր, մտավոր ծառայությունների տարածաշրջանային կենտրոն», - շարունակեց Ռոբերտ Քոչարյանը: - «Երբ մենք հայտարարում ենք այս բանաձեւը, սա ենթադրում է հատուկ վերաբերմունք եւ ուշադրություն գիտության նկատմամբ»:

Հայ գիտնականները վաղուց են սպասում հատուկ վերաբերմունքի եւ ուշադրության: Արդեն շատ է խոսվել ակադեմիական ինստիտուտների թերի ֆինանսավորման, գիտաշխատողների չնչին աշխատավարձերին: Եվ չնայած դրան, գիտնականներից շատերը համամիտ են արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանին. - «Եթե ինձ այստեղ աշխատավարձ էլ չտան բոլորովին, ես դարձյալ այստեղ եմ լինելու, որովհետեւ ակադեմիական ինստիտուտը, գիտական ինստիտուտը իմ տունն է»:

Իսկ այսօր պարգեւատրված գիտնականներից ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի խոսքերով, առանց ֆինանսավորման առաջընթացի մասին խոսք լինել չի կարող: «Այսօրվա դրությամբ գիտնականների միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 16 հազար դրամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG