Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ն դեռեւս ապացույցներ չի գտել


(«Ռոյթեր», «Ասոշիեյթեդ Փրես»). - Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հինգշաբթի օրը հայտարարել է, թե ընթացող հետաքննությունը առայժմ որեւէ ապացույց չի գտել 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերին կայացած Հայաստան - Հունաստան հանդիպումը «գնելու» փորձի վերաբերյալ:

Անցած ամիս ՈՒԵՖԱ-ն հատուկ տեսուչ էր նշանակել՝ ուսումնասիրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքները, թե հունական կողմը փորձել է գնել խաղը: Հունաստանը, որի հավաքականը սեպտեմբերի 6-ին 1 : 0 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին, կտրականապես հերքում է մեղադրանքները:

«Այսօրվա դրությամբ հստակ է, որ խնդրո առարկա հանդիպման հետ կապված խախտումներ չեն եղել: Որեւէ հիմք չկա ենթադրելու, որ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կամ դրա նախագահը ներգրավված են եղել ապօրինությունների մեջ», - ասված է ՈՒԵՖԱ-ի՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի նկատմամբ Հունաստանի հաղթանակը վերջինիս հնարավորություն տվեց զբաղեցնել 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, եւ առաջիկա շաբաթ Հյուսիսային Իռլանդիայի թիմին հաղթելու դեպքում հույները կապահովեն իրենց մասնակցությունը եկող տարվա եզրափակիչ մրցաշարին: Աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Իսպանիայի թիմը նույն օրը Երեւանում խաղալու է Հայաստանի հավաքականի հետ:

Հայրապետյանի մեղադրանքները կենտրոնանում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Երվանդ Սուքիասյանի վրա, ով ներկայումս ապրում է Հունաստանում: Սուքիասյանը մեղադրվում է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գագատսիսի պատվերով հայ մարզիկներին պարտության դիմաց փող առաջարկելու մեջ: Երվանդ Սուքիասյանը հերքում է այդ մեղադրանքները: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես կտրականապես հերքում է մեղադրանքները՝ որպես «անպատկառ կեղծիք եւ երեւակայության արդյունք»:

Ըստ ՈՒԵՖԱ-ի հայտարարության, հետաքննությունը կավարտվի մինչեւ հոկտեմբերի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG