Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվեց Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը


Համայն աշխարհի հայերին միավորել հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որն իր աշխատանքը սկսեց երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում, բացեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կազմակերպության ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Արա Աբրահամյանին: Այդ հավակնոտ գաղափարի իրականացմանն աջակցելու նպատակով Աբրահամյանը վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ Ամերիկայի հայկական համայնքների ղեկավարների հետ:

Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարին մասնակցում են 138 կազմակերպություններ ներկայացնող 300-ից ավելի պատվիրակներ աշխարհի 52 երկրներից:

Կազմակերպության ծրագրային նպատակները, որոնց մասին անցած ամսվա վերջին Երեւանում խոսել է Արա Աբրահամյանը, բացի հայությանն առնչվող խնդիրներից, ընդգրկում են նաեւ «միջազգային ահաբեկչության» եւ աշխարհում աղքատության դեմ պայքարը:

Իր ելույթում նախագահ Պուտինը բարձր գնահատեց հայերի դերը Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է «ռազմավարական գործընկեր»: «Մեր հայրերն ու պապերը տարբեր պատերազմներում միասին կռվել են հանուն ընդհանուր հաղթանակների», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքերով, վերջին շրջանում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը կրել է «նոր, լուրջ փոփոխություններ»:

Հայաստանի նախագահի ելույթը բավական զուսպ էր: Ողջունելով, անշուշտ, Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծումը, Քոչարյանը, սակայն, «գայթակղիչ, բայց խնդրահարույց» որակեց գաղափարը:

«Մեկ կազմակերպության դրոշի ներքո ողջ սփյուռքը հավաքելը հազիվ թե հնարավոր է», - ասաց նա: - «Այդ դրոշը կարող է լինել միմիայն Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ուստի կարեւոր է գտնել սփյուռքի ներսում համագործակցության ավելի բանական բանաձեւ»:

Համագումարի աշխատանքներին մասնակցում են, սակայն կազմակերպության ղեկավար մարմինների ստեղծմանը չեն մասնակցելու Դաշնակցության ներկայացուցիչները: Նրանցից համագումարում ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը: Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մարուխյանը ասաց, թե ստեղծվող կազմակերպության ծրագրային որոշ դրույթներ «հստակեցման կարիք ունեն»:

Համագումարի աշխատանքներին չի մասնակցում Միացյալ Նահանգներում հայկական լոբբիստական խոշոր կազմակերպություններից մեկը՝ Ամերիկայի հայկական համագումարը: Մինչդեռ, Միացյալ Նահանգների հայկական համայնքը մեծությամբ երկրորդն է Ռուսաստանի ավելի քան 2 միլիոնանոց համայնքից հետո:

«Հայաստանի տարածքից դուրս հայերի թիվը շատ ավելի է մեծ է, քան Հայաստանում», - իր ելույթում նշեց նախագահ Քոչարյանը: - «Սփյուռքը կուտակել է հսկայական ներուժ, եւ այդ ներուժը կարող է եւ պետք է աշխատի ի օգուտ հայկական պետականության ամրապնդման: Ես հաճախ կրկնում եմ մի բանաձեւ՝ Հայաստանը սփյուռքի հետ եւ Հայաստանը առանց սփյուռքի տարբեր քաշային կատեգորիաներում են»:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG