Մատչելիության հղումներ

Պարգեւներ՝ երկրին ու ժողովրդին մատուցված բացառիկ ծառայությունների համար


Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մի շարք գործիչներ՝ արվեստի, գիտության, մշակույթի ոլորտներից, նաեւ բարձրաստիճան զինվորականներ, պարգեւների արժանացան: Այսօր Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում պետական բարձր կոչումներն ու պարգեւները հանձնեց մի քանի տասնյակ գործիչների:

Ագուլիս տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ 83 - ամյա Երվանդ Մանարյանը, արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման վկայագիրը նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստանալուց հետո ասաց. «Մեծապես հուզված եմ, առաջին պարգեւն է, որ ես հայրենիքում ստանում եմ, կուզենայի այստեղ զինվորականների, սպաների նման ասել, որ ծառայում ենք մեր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը»:

Շքանշանի, մեդալների եւ պատվավոր կոչումների հանձնման հանդիսավոր արարողության եզրափակմանը պրն Քոչարյանը շեշտեց.
«Մենք ձեզանով ենք ուժեղ, այնպես պետք է անենք, որ դուք էլ մեզանով ուժեղ լինեք, եւ մեկս մեկին ուժեղացնելով, հզորացնելով կառուցենք՝ բոլորիս երազած Հայաստանը»:

Երկրի բարձրագույն պարգեւների արժանացած պատվավոր հյուրերին պրն Քոչարյանն այսպես առանձնացրեց. «Քաղաքացիներ, որոնք ճանաչված են, ամեն մեկն իր ոլորտում բացառիկ ծառայություններ ունի երկրի եւ ժողովրդի առաջ»:

Երկիրը, նախագահի խոսքերով, պետք է զարգանա համաչափ՝ ուշադրության կենտրոնում պահելով եւ բանակը, եւ տնտեսությունը, եւ մշակույթը, եւ սոցիալական ոլորտը:

Հայաստանի անկախության տասներկուերորդ տարեդարձի առիթով երկրի բարձրագույն պարգեւների արժանացածների մեջ կան թե զինվորականներ, թե բժիշկներ, թե մշակույթի գործիչներ:
Զինվորական առաջադրանքների հմուտ կատարման համար պաշպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի պետ, գնդապետ Մուրադ Իսախանյանը պարգեւատրվեց «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, «Մովսես Խորենացու» եւ «Մխիթար Հերացու» մեդալներով՝ մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ:

Վերջում՝ նախագահի հետ լուսանկարվեցին բարձրագույն պարգեւների եւ կոչումների արժանացած գործիչները:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG