Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի թղթակիցը դիմել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին. « Ձեր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն ընդունվո՞ւմ է հասարակության կողմից որպես լեգիտիմ նախագահ եւ որքանո՞վ է այսօր նա ուժեղ»։ Պատասխանը հետեւյալն է.

- Միանշանակ ընդունված եւ լեգիտիմ նախագահ է, եւ դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իհարկե, հասարակությունում կա մի շերտ, որը չի ընդունում, բայց ո՞ր երկրի նախագահն է միանշանակ ընդունվում։ Իսկ մեր պարագայում, երբ ամեն առավոտ միայն Երեւանում արթնանում է առնվազն հազար նախագահ, իհարկե, հասարակությունում կլինի մի շերտ, որը չի ընդունի։ Եվ կարծում եմ, մեր անկախության բոլոր տարիներին երբեւէ նախագահն այնքան ամուր չի եղել, որքան այսօր։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ունի բոլոր հնարավորությունները՝ ամբողջովին դրսեւորելու ինչպես իր ղեկավարի ունակությունները, այնպես էլ իր պետական կառույցի, մեր ժողովրդի հնարավորությունները։ Փոփոխություններն ակնհայտ են, ասում է Սերժ Սարգսյանը

Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտում իր ազդեցությանը. « Այո, ազդեցություն ունեմ, բայց այդ ազդեցությունն այլ բաների հետ է կապված։ Այն արտահայտվում է ժամանակին դրսեւորված վերաբերմունքով։ Բնական է, որ շատ երկար աշխատելով հանրապետության նախագահի հետ, վարչապետի հետ, ունենալով գործունեության հետք, բնական է, մարդիկ այդ ամենը հաշվի են առնում։ Իսկ այն, որ որոշակի գործարարների պետք է սատարել, դա պետք է, եւ ոչ թե նրա համար, որ նրանց վրա «նալոգ» դրվի, այլ նրա համար, որ նրանց վրա «նալոգ» չդրվի, - ընդգծում է պաշտպանության նախարարը:

Բանակի ֆինանսավորման աղբյուրները բյուջեից բացի ինչպե՞ս են գոյանում, հարցին էլ պաշտպանության նախարարը պատասխանել է. «Ես ասել եմ, թե բանակը բյուջեից որքան է ստանում, ես չեմ ասել, որ բանակն ունի արտաբյուջետային միջոցներ։ Իսկ թե նաեւ որտեղի՞ց է բանակը կարողանում ապահովել իր կարիքները, չեմ կարծում, սա այն թեման է, որ ես պիտի մանրամասնեմ»։

«Ձեր դեմ մահափորձը բավականին արագ կանխվեց։ Արդյո՞ք, ԱԱ-ն այսօր ավելի լավ է աշխատում, քան 99-ի հոկտեմբերին։ Երբ ԱԱ նախարարը դուք էիք՝ «27»-ը չկանխվեց», - դիմել է թղթակիցը։ «Այն ժամանակ ինֆորմացիա չկար, հիմա՝ կա ինֆորմացիա։ Եվ եթե որեւէ մեկին ձեռնտու կլիներ, որ հիմա էլ չկանխվեր, դա ուրիշ հարց է։ Գոնե ինձ այդպես ձեռնտու չէ», արձագանքում է Սերժ Սարգսյանը:


«Հայոց Աշխարհ» թերթի ընդգծմամբ. «Հայրենի քաղաքական ուժերին միանշանակորեն իշխանամետ եւ ընդդիմադիր ճամբարների միջեւ բաժանելու եւ, ըստ այդմ՝ նրանց նպատակներն ու կոնկրետ քաղաքական նախապատվությունները պարզելու գործելակերպը ոչ միշտ է արտացոլում ներկա իրողությունները: Վերջին ժամանակներս արտակարգ ակտիվություն եւ միաժամանակ միմյանց հարվածելու ու վատաբանելու անզուսպ ցանկություն են դրսեւորում «Օրինաց երկիրը» եւ «Ազգային միաբանությունը»: Ո՞րն է նման պահվածքի գաղտնիքը:

Խորանալով այս հարցում՝ «Հայոց Աշխարհի» մեկնաբանը նշում է. «Օրինաց Երկիրը» եւ «Ազգային Միաբանությունը» բավականին նման են իրար՝ երկուսն էլ մեկ մարդու կուսակցություններ են, եւ առանց Արթուր Բաղդասարյանի եւ Արտաշես Գեղամյանի ուղղակի անհնար է պատկերացնել նրանց գոյությունը, երկուսն էլ ունեն ընդգծված պոպուլիստական գործելակերպ: ՕԵ-ն դիմության մեջ յուրօրինակ ընդդիմության դեր է խաղում, իսկ ԱՄ-ն ընդդիմության մեջ դիմություն դառնալու բուռն ցանկություններ է դրսեւորում: Հենց գործելակերպի, առաջնորդների եւ մանավանդ նպատակների նմանությունն է այն խորքային պատճառը, որը հանգեցնում է ՕԵ-ԱՄ անթաքույց մրցակցության ծավալմանը: Քանզի այն դաշտը, որը ձգտում են գրավել այդ ուժերը, մեկը՝ իշխանության բարձունքներից, իսկ մյուսը՝ ընդդիմության հետնախորքից, փաստորեն նույնն է՝ երկուսի առաջնորդների անդադար մղումը հաջորդ թիվ մեկ դառնալն է:

«Հայկական Ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սեւեռում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի երեկվա պատասխանին, թե ինչու 2003թ. նախագահական ընտրություններից հետո իրենք կտրուկ քայլերի չդիմեցին: Նա մասնավորապես ասում է. «Ես այնքան էլ վստահ չեմ, որ մեր գործընկերները կկանգնեին մեր կողքին եւ հետո չէին դատապարտի՝ ասելով, որ տեղի ունեցածը սադրանք էր»:- «Հայկական Ժամանակն» ավելացնում է, թե լավատեղյակ աղբյուրները նշում են, որ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, երբ հանրահավաքային շարժումը հասել էր պիկին, եւ Մատենադարանի մոտակայքում հավաքվում էր 100-150 հազար ցուցարար, ընդդիմության շտաբում քննարկվելիս է եղել նախագահական նստավայրը գրոհելու առաջարկը, եւ ընդդիմության ղեկավարներից մեկը ասել է, որ եթե նման գործողություն ձեռնարկվի, ինքը անմիջապես «Հայլուրից» նկարահանող խումբ կհրավիրի ու կհայտարարի, որ տեղի ունեցածը սադրանք է, եւ որ ինքը կատարվածի հետ որեւէ կապ չունի»:

«Կասկածից վեր է, որ վերջին տարիներին Քըրք Քրքորյանի` առ Հայաստան բարեգործությունները միանգամայն հավաստում են նրա մեծ հայ եւ մեծ մարդ լինելը: Նաեւ կասկածից վեր է, որ եթե մեծ հայ ու մեծ մարդ Քրքորյանը Հայաստանում ապրեր ու ավելի մոտիկից խորամուխ եղած լիներ Հայաստանի ու հայաստանաբնակների բուն խնդիրներին, ապա միանգամայն այլ նպատակների համար կհատկացներ իր միլիոնները, - անդրդառնում է այսօր «Այբ-Ֆե» թերթը:- Օրինակ ամենաշատը, կվերանորոգեր Օպերայի թատրոնը եւ էլի մեկ թատրոն, իսկ մնացած գումարը կբաշխեր մեր կառավարիչներին, որպեսզի նրանք էդ գումարները շնորհեին իրենց ջրմուղներին ու էլեկտրացանցերին եւ չհամարձակվեին բարբաջել ջրի ու էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացումներից: Չէ՞ որ, վերջապես, մեր բազմաչարչար ժողովրդի ձեռքին պետք է փող մնա, որպեսզի ժողովուրդը կարողանա թատրոնի տոմս գնել: Կամ` իր միլիոնները ոչ թե բորդյուրները թարմացնելու վրա կմսխեր, այլ դրանք կուղղեր հենց այդ ավանդների վերադարձման խնդրին: Ի վերջո,- շեշտում է «Այբ-Ֆե» թերթը, - հայրենիք ասածն էլ, առանց ժողովրդի, ընդամենը միֆ է եւ ուղեղային մորմոք»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG