Մատչելիության հղումներ

Հայաստանյան բանկերը երաշխիքներ են ստանում փոքր բիզնեսի վարկավորման համար


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տրամադրած 4, 5 միլիոն դոլարի վարկային երաշխիքներով հայաստանյան երեք մասնավոր բանկեր՝ «Կոնվերսը», «Անելիքը» եւ «Ինեկոբանկը», առաջիկա հինգ տարիներին մատչելի տոկոսներով վարկեր կտան փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղված գործարարներին։ Երեկ 1,5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի պորտֆելի պայմանագիր կնքվեց «Կոնվերս» եւ «Անելիք» բանկերի հետ, այսօր էլ «Ինեկոբանկի» հետ ստորագրվեց նույնատիպ պայմանագիր։

Այդ երաշխիքները բանկերին հնարավորություն կտան փոխհատուցել փոքր եւ միջին ձեռնարկություններին տրված վարկերի չվերադարձված գումարները։

ԱՄՆ Միջազգային զարգացան գործակալության Երեւանի գրասենյակի տնօրեն Փիթ Սիմնսը փաստաթղթի ստորագրումից հետո ասաց, թե ամերիկյան կառավարությունը առաջին անգամ է, որ Հարավային Կովկասի երկրներում ստորագրում է վարկային երաշխիքի նման համաձայնագրեր:

«Ինեկոբանկի» վարչության նախագահ Ավետիս Բալոյանի խոսքերով, այս պայմանագրի ստորագրումը իրենց թույլ կտա վարկավորել այնպիսի բիզնեսներ, որոնք մինչեւ այժմ համարվել են ռիսկային եւ չեն ֆինանսավորվել:

Ամերիկյան փողերով տրված երաշխիքները արդյոք կնպաստե՞ն, որպեսզի իջնեն փոքր բիզնեսին տրվող վարկերի տոկոսները, հարցին պարոն Բալոյանը պատասխանեց, որ տոկոսների իջեցում այս ծրագիրը չի նախատեսում, վարկերը կտրվեն 15-30 տոկոսով:

Նույն բանկի Գյումրու մասնաճյուղի կառավարիչն էլ համոզված է, որ տարեկան 15-ից 30 տոկոսով վարկ վերցնելը փոքր բիզնեսի համար ամենեւին վնասաբեր չէ, եթե գործը խելամիտ է վարվում։ Այս վարկային երաշխիքը, նրա համոզմամբ, հնարավոր կդարձնի նոր ոլորտների վարկավորումը:

Այսօր հայաստանյան ամենախոշոր «Էյչ- Էս- Բի- Սի - Հայաստան» բանկի գործադիր տնօրենի պաշտոնում Զարլզ Գրեգորիին փոխարինեց Նիկ Դը Գիլմորը։ Պարոն Գրեգորին եռամյա պաշտոնավարումից հետո տեղափոխվեց Իռլանդիա:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG