Մատչելիության հղումներ

Աջակցություն Շիրակի փոքր բիզնեսին


«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի Շիրակի մարզային մասնաճյուղը հիմնվել է այս տարվա հուլիսին: Այն տեղեկատվական եւ ֆինանսական աջակցությամբ նպաստում է փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեությանը, ինչպես նաեւ կազմակերպում է ուսուցումներ եւ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում:

Հիմնադրամի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենց հիմնադրամը կոչված է իրագործելու ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականությունը:

Հիմնադրամը 80 տոկոսով ֆինանսավորվում է պետական բյուջեից, մնացած 20 տոկոսը գոյանում է գործարարների կամ բարեգործների հանգանակություններից:

Գագիկ Սարգսյանի փոխանցմամբ, Շիրակի մարզում ձեռնարկատերերի թիվը հասնում է մոտ 2 հազարի՝ հիմնականում սննդի, կոշիկի եւ տեքստիլ ձեռնարկատիրությանն ոլորտում: Շատ են նաեւ սպասարկման ոլորտում ընդգրկված ձեռնարկությունները: Վարկավորման եւ Ֆինանսական աջակցության հարցերի քաղաքականությունը կհստակեցվի հաջորդ տարի, ասաց Գագիկ Սարգսյանը:

Մասնագետների գնահատմամբ, Շիրակի մարզում աշխատող ձեռնարկություների 60 տոկոսը ստվերում են՝ շրջանցում են օրինական հարկային պարտավորությունները: Այս հիմնադարամի նպատակներից է հնարավորինս շատ ձեռնարկություններ դուրս բերել ստվերից, պրոպագանդելով, որ հարկային դաշտը նպաստավոր է նորմալ բիզնեսի ծավալման համար, եւ ֆինանսական աջակցությամբ ու վարկավորման միջոցով ապահովելով նորաստեղծ ձեռնարկությունների անխափան գործունեությունը:

Շատ գործարարներ բողոքում են հարկային տեսուչների սուբյեկտիվիզմից, ինչը պարոն Սարգսյանի կարծիքով, շատ հաճախ տեղին չէ, քանի որ գործարարներն՝ իրենք էլ, օրենքի չիմացության եւ հաշվապահների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով բազմաթիվ բացթողումներ են անում:

Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG