Մատչելիության հղումներ

Վ.Օսկանյանը գոհ է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներից


«Հայաստանը եւ Թուրքիան մի քայլ եւս արեցին իրենց հարաբերությունների հետագա բարելավման ճանապարհին», «Ազատություն» ռադիոկայանի հետ Նյու Յորքից հեռախոսազրույցի ընթացքում այսպես գնահատեց Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սակայն նա զերծ մնաց հայ-թուրքիական սահմանի մոտալուտ բացման հնարավորության մասին հայտարարություններից:

«Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում զուտ գործընթացի առումով, - ասաց պարոն Օսկանյանը՝ ավելացնելով, - Այս պահին որեւէ գործնական արդյունք չունեմ հայտնելու, բայց գործընթացը դրական եմ գնահատում, եւ այս հանդիպումն այս պորցեսի մեջ կարեւոր հանգամանք եմ համարում: Մենք ընդհանուր նպատակների իրականացման առումով ճիշտ ճանապարհի վրա ենք»:

Վարդան Օսկանյանը չցանկացավ ներկայացնել հանդիպման մանրամասները, նշելով միայն, որ սա անցած մայիս Մադրիդում կայացած երկու նախարարների հանդիպման շարունակությունն էր:

Այս հանդիպումը մեծացնում է հույսերը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը՝ կապված Ղարաբաղյան պատերազմի հետ, կարող է վերացվել: Որոշ վերլուծաբանների կանխատեսումներով, հնարավոր է, որ Անկարան արդեն այս տարի որոշի բացել Հայաստանի հետ սահմանը: Սակայն Թուրքիան դեռեւս չի համաձայնում այդ քայլին, քանի որ դրան դեմ է տարածաշրջանում վերջինիս ամենասերտ դաշնակիցը՝ Ադրբեջանը:

Հայաստանի քաղաքական գործիչները, ովքեր գտնում են, որ առեւտրաշրջանառությունը Թուրքիայի հետ կարող է տնտեսապես շահեկան լինել երկու երկրների համար, թերահավատություն են արտահայտում Անկարայի ադրբեջանամետ քաղաքականության մեջ շրջադարձի հնարավորության առումով:

Ըստ Օսկանյանի, երկու կողմերի այժմ փորձում են իրենց կապերը նորմալացնել «փոքր քայլերով»:

Ղարաբաղի չլուծված հակամարտությունը որպես հայ֊ թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական խոչընդոտ, նույնպես շոշափվեց Օսկանյան - Գ֊յուլ հանդիպման ընթացքում : Օսկանյանն ասաց, որ երկու նախարարները քննարկել են այդ հարցը՝ Ադրբեջանում կայանալիք նախագահի ընտրությունների եւ«դրանց հնարավոր արդյունքների» լույսի ներքո: Նա ասաց, որ իրենք խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Իրաքի իրադրության եւ այնտեղ հետպատերազմյան վերականգնման շրջանում Թուրքիայի ռազմական մասնակցության մասին:

Ղարաբաղի հարցը Վարդան Օսկանյանի՝ հինգշաբթի ավելի վաղ, ՄԱԿ֊ի գլխավոր Ասամբլեայի 58֊րդ նստաշրջանում արտասանած ելույթի գլխավոր թեմաներից էր: Նա հերքեց նախորդ օրն Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի հնչեցրած մեղադրանքները՝ «ահաբեկչության» եւ«ագրեսիայի» շուրջ:

«Իսկապես, ադրբեջանցիները զոհ են, բայց զոհ են սեփական ագրեսիայի», ասել է նա: «Նրանք միակողմանիորեն սկսեցին պատերազմը: Նրանք սկսեցին կոտորել հայերին՝ Ադրբեջանի քաղաքներում բնակվող քաղաքացիներին, Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում…Դրան հետեւած պատերազմը փոխեց աշխարհը հայերի երկու սերնդի համար, որոնք երբեւէ չեն ապրել ադրբեջանական իշխանության ներքո»:

Նա նշել է, որ Բաքվին չի հաջողվի ծնկի բերել Հայաստանն՝ իր նավթային ռեսուրսներով եւ տնտեսական շրջափակումը շարունակելով:

Աննա Կարապետյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG