Մատչելիության հղումներ

Բազմազան տեսակետներ՝ պատգամավորական ճեպազրույցներում


Այսօր Ազգային Ժողովում հերթական եռօրյայից հետո կազմակերպվող ճեպացրույցների օրն էր:

ՄԱԿ֊ - ի գլխավոր ասամբլեայի տարեկան վեհաժողովում Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի ելույթը՝ Հայաստանի հասցեին հնչեցրած որակումներով, ճեպազրույցների բոլոր մասնակիցներն՝ առանց բացառության, գնահատեցին որպես Ադրբեջանում նախագահական ընտրությունների քարոզարշավի բաղկացուցիչ մաս ընդամենը:

Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ մահափորձ էր նախապատրաստվում պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ գործին տեղյակ է այնքանով, որքանով մամուլում արծարծվել է:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, այդ հարցում ենթադրություններով չեն առաջնորդվի: «Ընդամենը կցանկանայինք, որ այն նախանձախնդիր վերաբերմունքը, որ եղավ այդ մահափորձի բացահայտման դեպքում, նման նախանձախնդիր վերաբերմուքն լիներ նաեւ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին բացահայտելու տեսակետից»: Նա ավելացրեց, որ, բնականաբար, իրենք էլ դատապարտում են ցանկացած մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունը:

Ճեպազրույցներում հնչած մյուս հարցերից առանձնացնենք հունվարին բարձրացվող՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների հարցը: Ի՞նչ են նախաձեռնելու պատգամավորները սոցիալապես անապահով խավին պասշտպանելու համար:

«Միավորված աշխատանքային» խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը տեսակետ հայտնեց, թե կառավարության ուշադրության կենտոնում պետք է լինի սոցիալապես խոցելի խավերին փոխատուցման մեխանիզմների մշակումը, եւ առայժմ չի երեւում, որ Կառավարությունն իր քաղաքականությունը մշակում է այդ սկզբունքով: :

«Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը վկայակոչեց, որ ո’չ հանրապետության նախագահը, ո’չ կոալիցիայի ուժերը նախընտրական ծրագրերում չեն խոսել սակագների բարձրացման մասին, եւ դրանով
նրանք ուղղակի թյուրիմացության մեջ են գցել ժողովրդին:

«Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը՝ նշեց, որ մասնավոր սեկտորի հայեցողությանը վերաբերող այս հարցում խոսքի իրավունք ունի միայն բնական մենաշնորհների հանձնաժողովը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի կարծիքով, այս դեպքում երկու ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները: Առաջինը՝ փոխհատուցումներով եւ բյուջեում համապատասախան նախատեսումներով, եւ երկրորդը՝ օրենսդրորեն որոշակի շերտերի եւ խավերի պաշտպանության սկզբուքնով:

«Օրինաց Երկիր» խմբակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էլ հավաստեց, որ փոխհատուցման մեխանիզմների խնդիր անպայման կդրվի:

Կոալիցիոն մյուս ուժը՝ Հանրապետականի ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը, սակագների սպասվող բարձրացման առիթով ասաց, թե կառավարությունը ամեն ինչ կանի ճիշտ հաշվարկներով առաջնորդվելու համար:

Գալուստ Սահակյանի խոսքերով. «Ես կասեի, մեր սակագները՝ հայաստանյան, բավական մատչելի են, պարզապես մատչելի չեն ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը, փաստորեն, ապրուստի միջոց չունի»: Այդ դեպքում ո՞ւմ են սակագները մատչելի՝ Գալուստ Սահակյանը չմասնավորեցրեց:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG