Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթում ներկայացվող՝ այս ամառ անցկացված փորձագիտական հարցման համաձայն, Հայաստանի ամենաազդեցիկ գործիչների վարկանիշային ցանկում ամենամեծ առաջխաղացումն ունեցել է արտադրական ենթակառույցները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը` 22-րդ տեղից բարձրանալով 8-րդը: Եվ որպես դրա բացատրություն ձեւակերպված է. «շատ ակտիվ էր ընտրական կեղծիքները իրականացնելու գործում»: Ընտրակեղծիքների հետ կապված այսքան որոշակի, անվանական մեղադրանք մամուլում վաղուց չէր եղել:

«Հայկական ժամանակ» թերթը «Ճոխություն պետության հաշվին» խորագրի տակ մեր գորշ առօրյայից առանձնացրել է կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանին սպասարկող շքեղ ավտոմեքենան՝ յոթերորդ սերնդի BMW-ն, որը գնահատվում է մինչեւ 100 հազար դոլար: Թերթը ճշտել է, որ այն գնվել է պետական միջոցներով՝ Մաքսային կոմիտեի արտաբյուջետային ֆոնդից, «խնայված միջոցների հաշվին»: Ավետիսյանի՝ պետական միջոցներով «կայֆեր» անելը որեւէ մեկի ուշադրությանը դժվար թե արժանանա: Մաքսային կոմիտեի նախագահը հանրապետության ղեկավարության սիրելիների թվում է, արտոնյալ պաշտոնյաների շարքում, ու նրան շատ բաներ են թույլատրված: Իսկ նա ընդամենը օգտվում է «վերեւից» իրեն շնորհված արտոնություններից:

«Դժվար է պատկերացնել մեկ այլ երկիր, որտեղ օրենքից ու բարոյականությունից այնքան շատ խոսեն, որքան Հայաստանում են խոսում: (...) Եվ ինչքան շատ են խոսում, այնքան ավելի ու ավելի է արհամարհվում օրենքը, եւ ավելի ու ավելի ակնառու է դառնում բարոյական անկումը,- համադրում է «Այբ-Ֆե» թերթը,- «Օրինաց երկիրն» օրենքից է անընդհատ խոսում, դաշնակցականներն ազգից են անընդհատ խոսում, հանրապետականներն ազգայինից ու նժդեհականությունից: Բայց ո՞ւմ են պետք այն գաղափարները, որոնք սկսվում ու ավարտվում են նախընտրական վճարովի ու անվճար եթերաժամերին: Ո՞ւմ են պետք ազգային կուսակցություններն ու գործիչները, որոնք օրումեջ թանկացնում են ազգի հացն ու ջուրը: Ո՞ւմ են պետք մեր օրինասերները, եթե նրանց ակտիվ մասնակցությամբ մեզանում ամեն քայլափոխի ոտնահարվում է օրենքը»:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, ասել, որ հանրությունը չէր սպասում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի լուրին, սխալ կլինի: Վերջին տարիներին Հայաստանում ձեւավորված «ավանդույթի» համաձայն՝ հանրապետության առանցքային քաղաքական գործիչ լինելը համարվում է խիստ ռիսկային: (....) Իհարկե, պետք է միայն գոհ լինել, որ գոնե այս մի մահափորձը բացահայտվել է կազմակերպման փուլում, այն իմաստով, որ հանրությունն արձանագրում է, որ ցանկության դեպքում իրավապահները կարողանում են կանխել մահափորձերը: Վախենանք, սակայն, որ այս դեպքը նման եզրահանգում անելու հնարավորություն չտա:

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, մահափորձը նախապատրաստելիս է եղել չորս հոգանոց մի խումբ: Մի ինչ-որ պահի խմբի անդամներից մեկի նյարդերը տեղի են տվել, եւ նա պատրաստվող մահափորձի մասին տեղյակ է պահել իրավապահներին:

«Գիտեմ, որ իշխանությունները հակված են մեկ-երկու նիստով «27»-ի դատը փակել-վերջացնել։ Դրանով իրենք ոչինչ չեն ապացուցում, բայց ես էլ հակված չեմ թույլ տալ այն, ինչ իրենք են ուզում,- «Առավոտ» թերթին ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը։- Մենք որոշեցինք տակտիկական առումով թույլ չտալ իշխանություններին «27»-ի դատավարությունը տանել իրենց քաղաքական սցենարով։ Եվ սա է պատճառը, որ շահերի ներկայացուցիչներ հանդես են գալիս մարդիկ, ովքեր քաղաքական դեմքեր են, որոնց խնդիրը դատարանում մեկն է՝ դատարանին թույլ չտալ քաղաքական հրահանգ իրականացնել եւ նրանց վերադարձնել իրավական դաշտ»։

Վերջերս պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հրապարակեց մի վարկած ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությանը նախապես տեղյակ լինելու մասին։ Այս կապակցությամբ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ Ջոն Ֆարխոյանը, որ ղեկավարում է «Հոկտեմբերի 27»-ի գործից «հնարավոր կազմակերպիչների եւ այլ մասնակիցների վերաբերյալ» անջատված մասով քրեական գործը վարող քննչական խումբը, «Հայոց Աշխարհ» թերթի թղթակցին ասել է. «ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը սեպտեմբերի 12-ին գլխավոր դատախազություն է հրավիրվել ոչ թե հարցազրույցի կամ զրույցի, այլ հարցաքննվելու համար՝ որպես գործով տուժող: Նա հրավիրվել է հեռախոսազանգի միջոցով, եւ ներկայացել է գլխավոր դատախազություն: Հարցաքննության ընթացքում նրան, բնականաբար, հարց տրվեց՝ թե արդյոք միայն այն փաստը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները 1999թ. ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստին ներկա չեն եղել, այլ մասնակցել են խմբակցության նիստին, հի՞մք է տալիս իրեն նման ենթադրություններ անելու համար: Քննիչի կողմից տրված նման հարցի պայմաններում, թերեւս իրեն էլ արդեն պիտի պարզ լիներ, որ իր առաջ քաշած վարկածը քննչական խմբի մոտ այնքան էլ լուրջ արձագանք չի առաջացրել: Եւ այդ պայմաններում ինձ համար առավել եւս զարմանալի է, որ պարոն Հովհաննիսյանը թերթերից մեկում ինչ-որ նման միտք է հայտնել, թե իբր ես իրեն ասել եմ՝ «դա չափազանց կուռ տրամաբանություն ունեցող» վարկած է: Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ Հ.Հովհաննիսյանին հավաստիացրել ենք, թե պետք է հրավիրենք նաեւ ՕԵ խմբակցության անդամներին, ինչպես նաեւ Արթուր Բաղդասարյանին՝ հարցաքննության եւ բացատրություններ վերցնելու, ապա, եթե նույնիսկ տվյալ գործի նախաքննության վարույթն իրականացնող մարմնի մոտ նման ցանկություն, նպատակ լիներ կամ անհրաժեշտություն ծագեր, ապա, համենայն դեպս, Հմայակ Հովհաննիսյանին չէ, որ պետք է նախապես ասվեր այդ մասին»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG