Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել Արմեն Սարգսյանի շահերի պաշտպանի դեմ


Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ, դատարանի որոշմամբ, ամբաստանյալ Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ժամանակավորապես հեռացվեց դատարանի դահլիճից:

Պատճառը՝ սեպտեմբերի 11-ի «Հայոց Աշխարհ» օրաթերթի հրապարակման հիմքով մեղադրող Զելիմ Թադեւոսյանի հայտարարությունն էր, թե Հովիկ Արսենյանը փաստաբանական միությունից թաքցրել է իր դատվածության փաստը: Ըստ այդ հայտարարության, Հովիկ Արսենյանը որպես փաստաբան ընդգրկվելու համար փաստաբանական ծառայությանը ներկայացրել է կադրերի հաշվառման թերթիկ, որում չի նշել իր դատվածության մասին եւ 1999 թվականի ապրիլի 9-ին ստացել է փաստաբանի արտոնագիր: Այսինքն նա թաքցրել է իր դատվածությունը:

Համառոտ ներկայացնենք 6 տարվա վաղեմության պատմությունը: 1997թվականին Հովիկ Արսենյանը պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 1998թ փետրվարի 20-ին վաղաժամկետ ազատվել է,1999-ի փետրվարի 28-ին փաստաբանական քննություն է հանձնել: Ըստ դատախազության տվյալների, 1999-ի մարտի 4-ին Արսենյանը հայ փաստաբանների միջազգային միությունից արտոնագիր է ստացել, սակայն դատվածությունը մարվել է 2001թվականի նոյեմբերին:

Մինչդեռ, փաստաբանական գործունեության մասին օրենքով, անձը չի կարող լինել փաստաբան, եթե դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ: Այդ դեպքում անձը նաեւ փաստաբանական քննություն հանձնելու իրավունք չունի: Նա պարտավոր է անձնական թերթիկում եւ ինքնակենսագրության մեջ նշել իր դատվածության փաստի մասին:

Այսպիսով, սեպտեմբերի 11-ին Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատական նիստում Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սարիբեկ Արամյանի կայացրած որոշմամբ, Հովիկ Արսենյանի վերաբերյալ մեղադրող Թադեւոսյանի ներկայացրած նյութերը պետք է տրամադրվեին գլխավոր դատախազությանը, իսկ փաստաբանների միջազգային միությունն էլ, որի անդամ է այսօր Արսենյանը, պետք է ուսումնասիրեր հարցը եւ որոշում կայացներ փաստաբանին արտոնագրից զրկելու կամ չզրկելու մասին:

Անցյալ ուրբաթ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարցուցվել ակնհայտ կեղծ վկայագիր օգտագործելու փաստով: Նախաքննությունը շարունակվում է, եւ արդեն Հովիկ Արսենյանը հարցաքննվել է:

Անցած շաբաթ օրը փաստաբանների միջազգային միությունը հրավիրել էր կոլեգիայի նիստ: Վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն հատուկ խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի Արսենյանի անձնական գործը: Միության անդամներից եւ պատասխանատուներից ոչ մեկը չցանկացավ մեկնաբանել իրավիճակը: Իհարկե, փաստաբանական գործունեության մասին օրենքով, օրենքի խախտմամբ ստացված արտոնագիրը դադարեցվում է:

2002-ին Հայ փաստաբանների միջազգային եւ փաստաբանների միջազգային միությունների միավորումից հետո Արսենյանը նոր արտոնագիր է ստացել: Այդ ժամանակ էլ նա պաշտպանում էր լրտեսության միջոցով հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտվող Մուրադ Բոջոլյանի շահերը: Բայց այդ ընթացքում որեւէ մեկը ոչ դատախազությունում, ոչ էլ իրավապահ համակարգում տեղյակ չէր, որ Արսենյանի փաստաբանական արտոնագիրը անօրինական է: Տիգրան Նաղդալյանի գործով մեղադրող Զելիմ Թադեւոսյանի բացատրությամբ, եթե մարդը թաքցնում է իր դատվածությունը, հնարավոր է, որ դատախազությունն էլ այդ մասին չիմանա:

Իսկ արդյոք օրենքի պահա՞նջն էր դատավոր Արամյանի սեպտեմբերի 11-ի կայացրած որոշումը՝ Արսենյանին ժամանակավորապես հեռացնելու մասին: Մի շարք իրավաբանների կարծիքով, կատարվել է դատավարական կարգի խախտում: Այս հարցը քննարկվել է նաեւ փաստաբանների միջազգային միության կոլեգիայում: Մեղադրողի ներկայացրած միջնորդությունը եւ անօրինական արտոնագրի վերաբերյալ նյութերը, եթե էական կասկածներ էին առաջացնում դատարանի համար, ասում են փաստաբանները, ապա դատավոր Արամյանը կարող էր նիստը պարզապես մի քանի օրով հետաձգել, մինչեւ հարցին օրինական լուծում կտրվեր եւ փաստաբանն օրենքի պահանջով կզրկվեր արտոնագրից:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG