Մատչելիության հղումներ

Ավարտվեցին հերթական հայ-ռուսական զորավարժությունները


Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ուրբաթ օրը ավարտվեցին սեպտեմբերի 8-ին սկսված հայ-ռուսական համատեղ խմբավորումների զորավարժությունները:

Հայաստանում անցկացված թվով երրորդ հայ-ռուսական զորավարժություններին, ինչպես փոխանցեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանը, հայկական կողմից մասնակցում էր մեկ գունդ, իսկ ռուսաստանյան կողմից գումարտակ, հրետանային մարտկոց, հակատանկային մարտկոց եւ մի շարք դասակներ:

Գրիգորյանի գնահատմամբ, հայ-ռուսական խմբավորումները ճիշտ մշակած տակտիկայի արդյունքում կարողացան նախատեսած ժամանակահատվածում կատարել իրենց խնդիրները: Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ փորձարկվեց նոր տեխնիկա:

Զորավարժությունների արդյուքներից գոհ էին թե' Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե' վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ թե' պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

«Գլխավոր հրամանատարը գնահատականը տվեց, որ զորավարժությունները անցել են հաջող: Սա էականն է», - լրագրողներին ասաց պաշտպանության նախարարը:

Վերջին շրջանում հայկական բանակի ստորաբաժանումները մասնակցել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացված զորավարժություններին, Աշուլուկում ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի մասնակցությամբ զորավարժություններին:

Սերժ Սարգսյանի փոխանցմամբ, Աշուլուկում «մասնակից պետությունների պաշտպանության նախարարները «շատ բարձր գնահատեցին մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքը»:

«Եվ իրոք արդյունքը շատ լավ էր, նույնիսկ անհավանական լավ էր», - ավելացրեց պաշտպանության նախարարը:

Զորավարժություններին առաջին անգամ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերժ Սարգսյանը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ հրավիրվել էին կառավարության գրեթե բոլոր անդամներն ու մարզպետերը:

Երեւի թե ոչ բոլորն էին գոնե սկզբում գիտակցում, թե որն է զորավարժություններին իրենց հրավիրելու նպատակը: Մշակույթի նախարար Թամար Պողոսյանը միակ կին պաշտոնյան էր: Եվ նրա ղեկավարած ոլորտն էլ թերեւս շատ քիչ է առնչվում զինվորական կյանքին:

«Մենք հրավիրված ենք մասնակցելու այս միջոցառմանը: Իսկ ինչ նկատառումներով, դա երեւի հանրապետության նախագահը՝ որպես գլխավոր շտաբի ղեկավար, ինքն է որոշում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թամար Պողոսյանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում իր համար հետաքրքիր էր «ճանաչողական իմաստով»:

Նախարարների եւ մարզպետերի ներկայությունը զորավարժություններին վարչապետ Մարգարյանը բացատրեց հետեւյալ կերպ. - «Որպեսզի իմանան էն փողը, որ մենք ծախսում ենք՝ որտեղ ենք ծախսում, ինչի համար ենք ծախսում»:

Պաշտպանության նախարարն էլ նույն կարծիքին էր. - «Որպեսզի տեսնեն, թե ընդհանուր ջանքերով ինչ բանակ ունենք: Որպեսզի տեսնեն, թե մարտունակ բանակ ունենալու համար ինչ ծախսեր են անհրաժեշտ»:

Զորավարժությունների ավարտից հետո նախագահ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սարգսյանը պարգեւներ ու նվերներ շնորհեցին հայկական եւ ռուսական ստորաբաժանումների ավելի քան 75 սպաների:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG