Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի նորանշանակ համանախագահը այցելում է Լեռնային Ղարաբաղ


Երեքշաբթի օրը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում Ռուսաստանի նոր համանախագահ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարության հետ:

Մերզլյակովը Ստեփանակերտ էր ժամանել համակարտության գոտի իր ճանաչողական այցի շրջանակներում: Օգոստոսի սկզբին նա արդեն եղել է Բաքվում ու հանդիպել վարչապետ Իլհամ Ալիեւին եւ արտգործնախարար Գուլիեւին: Չորեքշաբթի օրը ծրագրված են նրա հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո Մերզլյակովը, պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցեց իր տպավորությունը Բաքու վերջերս կատարած այցից. - «Ես այնտեղ չեմ տեսել ռազմական գործողություններ վերսկսելու առնչությամբ կրքերի բորբոքում: Միջնորդները կանեն ամեն ինչ, որպեսզի նման զարգացումներ չլինեն»:

Ռուսաստանցի դիվանագետը չհստակեցրեց, թե ինչ լծակներով է դա արվելու: Տեղեկացրեց միայն, որ սեպտեմբերի 15-ին Վիեննայում ծրագրված է Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկություններ: Հարցին, թե Ռուսաստանը «թարմ խոսք» կասի՞ արդյոք, Մերզլյակովը պատասխանեց. - «Կոնկրետ Ռուսաստանի կողմից նոր առաջարկություններ չեն լինի: Կոլեկտիվ աշխատանքով մշակված տարբերակը նախորդներից կտարբերվի արդեն արծարծված առաջարկությունների մոդիֆիկացիան կհանդիսանա»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը «շատ դրական» բնութագրեց Մերզլյակովի հետ հանդիպումը: «Համոզված եմ, որ մեր համագործակցությունը լինելու է արդյունավետ: Ընդգծվեց, որ չկա առանձին Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների նախաձեռնություն: Կա կոլեկտիվ աշխատանք, եւ Ռուսաստանը այդ կոլեկտիվ աշխատանքի մեկ մասն է կազմում», - ասաց Ղուկասյանը:

ԼՂՀ նախագահը կրկին հնչեցրեց Ստեփանակերտի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջական մասնակցություն ունենա խաղաղ բանակցություններում: «Ես համոզված եմ՝ եթե մենք ուզում ենք կարգավորել Ղարաբաղի խնդիրը, մենք պետք է շփվենք, պետք է բանակցենք, պետք է ավելի լավ իրար հասկանանք: Դժբախտաբար Ադրբեջանը խուսափում է դրանից», - ասաց Ղուկասյանը:

«Անձամբ ես, տվյալ պահին, որեւէ պատճառ չեմ տեսնում, որը կխոչընդոտեր Ղարաբաղը ներգրավելու բանակցային գործընթացում՝ նպատակին հասնելու, կարգավորման համար», - իր հերթին ասաց Յուրի Մերզլյակովը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG