Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Հայաստանի առեւտրային բանկերը նախընտրում են ունենալ արտաքին ակտիվներ»


Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը այսօր հրավիրած ասուլիսում փաստեց, որ 2002 թվականի արդյունքներով, մասնավոր բանկերի զուտ արտաքին ակտիվները նախկին տարիների նման ոչ թե բացասական, այլ դրական մեծություն են կազմել:

«Հայաստանի առեւտրային բանկերը նախընտրում են ունենալ արտաքին ակտիվներ», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Սա նշանակում է, որ նրանք իրենց հավաքագրած միջոցների մի մասը նախընտրում են օգտագործել այլ երկրներում՝ համարելով դա ավելի հուսալի»:

Կենտրոնական բանկի նախագահի որակմամբ՝ «լուրջ պրոբլեմ» է, թե ինչո՞ւ վարկեր տրամադրելը Հայաստանի Հանրապետությունում դեռեւս ռիսկային է:

Մինչդեռ, ըստ պարոն Սարգսյանի, անցյալ տարին մասնավոր բանկային համակարգը եզրափակել է շահույթով։ Հայաստանյան 27 մասնավոր բանկերից 7-ը անվճարունակ լինելով, գտնվել են Կենտրոնական բանկի խնամակալության տակ, մնացած 20-ից 4-ը վնասով է եզրափակել տարին, 16-ը՝ շահույթով։

«Համակարգը իր ընդհանուր ցուցանիշների առումով կորուստներ չունեցավ: Ավելին՝ 2002 թվականը բանկային համակարգը ավարտեց շահույթով», - հայտարարեց Սարգսյանը:

Կենտրոնական բանկի նախագահի խոսքերով, չնայած անցյալ տարվա ընթացքում մասնավոր բանկերի թիվը պակասել է, դրանցում ներդրված ավանդագումարները աճել են՝ հասնելով 62 միլիարդ դրամի։
Ավանդների հոսքը դեպի մասնավոր բանկեր ավելացնելու նպատակով ներդրվել է ավանդների ապահովագրության համակարգը եւ, Սարգսյանի մատուցմամբ, հուլիսի 1-ից մասնավոր բանկերը սկսել են արդեն ավանդների ապահովագրման հիմնադրամին վճարումներ անել:

«2005 թվականից արդեն այդ հիմնադրամը կերաշխավորի մինչեւ 1 միլիոն դրամ արժույթային դեպոզիտները եւ մինչեւ 2 միլիոն դրամ դրամային դեպոզիտները», - տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահը՝ միաժամանակ վստահեցնելով, թե բանկի սնանկացման դեպքում սոցիալապես անապահով խավերը ամբողջությամբ ետ կստանան իրենց ավանդագումարները. - «Առավել անապահով խավերի համար նա 100 տոկոսով է երաշխավորում, որ նույնիսկ եթե բանկերը սնանկանան, ապա պետությունը երաշխավորում է, որ այդ միջոցները նրանք ետ կստանան»:

Կենտրոնական բանկը որոշել է խրախուսել մասնավոր բանկերի կողմից սպառողական նպատակներով բնակչությանը երկարաժամկետ վարկերի տրամադրումը։ Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի մատուցմամբ, բանկը մշակել եւ կառավարության քննարկմանն է ներկայացրել հիպոթեկային շուկայի զարգացման հայեցակարգը։ Ներկայումս բանկերը քաղաքացիներին բնակարանային վարկեր տալիս են, ճիշտ է՝ առայժմ միայն 2-3 տարի ժամկետով։

Իսկ մշակված հայեցակարգը նախատեսվում է արդեն հաջորդ տարվանից 5 միլիոն դոլարի հիպոթեկային հիմնադրամ ստեղծել մասնավոր բանկերի համար, որպեսզի նրանք բնակարան գնել ցանկացող քաղաքացիներին երկարաժամկետ՝ 7 տարով վարկ տրամադրեն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG