Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, խորհրդային տարիների պատմությունը մեզանում սկսում է կրկնվել, քանզի կառավարող կոալիցիայի ներսում ներկայումս քննարկվում է փոխնախարարներին, պետկոմիտեների ղեկավարներին, վարչությունների պետերին կուսակցականության սկզբունքով նշանակելու հարցը։ «Հասկանալի է կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների ցանկությունը՝ աշխատանքի տեղավորել հնարավորինս մեծ թվով կուսակիցների։ Նրանց վրա «ներքեւից» գործադրվող ճնշումը հսկայական է, բայց չէ՞ որ գոյություն ունեն նաեւ պետական շահեր», - ընդգծում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Կառավարության ձեւավորման այսօրվա սկզբունքը որոշ ժամանակ անց անխուսափելիորեն կսադրի շահերի բախում, ինչի հետեւանքով նախարարը միեւնույն գործողության համար կարող է ստանալ նկատողություն՝ կուսակցական գծով եւ շնորհակալություն՝ կառավարությունից, ու հակառակը։ Կառավարության անդամներին կսկսեն (եւ արդեն իսկ սկսել են) մեղադրել, որ պիար են կազմակերպում սեփական կուսակցության համար, խառնում կուսակցական բուրդը պետականի հետ։ Եթե կոալիցիան որոշում ընդունի պետկառույցների ղեկավար աշխատողներին կուսակցականության սկզբունքով նշանակելու մասին, դա կհանգեցնի նրան, որ չինովնիկները զանգվածաբար կսկսեն մտնել կառավարող կուսակցություններից մեկի շարքերը»։ Դաշնակցության խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը այս առիթով «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Պայմանավորվածություն կար այդ թեմայով ընդհանրապես մամուլին մեկնաբանություններ չտալ: Բայց քանի որ Գալուստ Սահակյանն արդեն իսկ տեսակետ է հայտնել մամուլում, ապա կարող եմ նշել, որ այո՛, կոալիցիայի անդամ ուժերը փորձում են նաեւ իրենց ներկայությունն ապահովել ոչ միայն նախարարական, այլեւ քաղաքական ու հայեցողական այլ պաշտոնների համակարգում»: «Այսօր կառավարության գործունեության համար երեք կուսակցությունները միասնական պատասխանատվություն են կրում: Հետեւապես համարժեք պիտի լինի նաեւ նրանց ներկայացվածության մակարդակը գործադիր իշխանության մեջ» - հիմնավորում է Մկրտչյանը: - «Եթե կան հայեցողական որոշ պաշտոններ, որոնք նշանակումների տեսակետից չունեն պարտադիր պրոֆեսիոնալ հիմնավորվածություն, ապա այս պաշտոնների նշանակումները եւս կարող են իրականացվել կոալիցիայի ձեւավորման սկզբունքներից ելնելով»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ, իր հերթին, հանգստացնում է, թե՝ «մեզանից ոչ մեկը այս երկրի թշնամին չէ, որ զուտ քաղաքական շահերից ելնելով, անպայման պնդի, թե այսինչ տեղում իր կուսակցության անդամը պիտի լինի»:

«Մեր ժամանակի հերոսը» խորագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը առաջին էջին այսօր մատուցում է. - «Նախորդ ԿԸՀ-ում [Կենտրոնական ընտրական հանձնաժողով] ԱԺՄ-ն [Ազգային ժողովրդավարական միություն], այսպիսով նաեւ՝ «Արդարություն» դաշինքը ներկայացնող Պավել Եդիգարյանը նախօրեին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Որ Եդիգարյանին որեւէ պաշտոն կառաջարկեն, հասկանալի էր ամիսներ առաջ, քանի որ նա գործող իշխանություններին լուրջ ծառայություններ է մատուցել: ԿԸՀ-ի ըստ էության միակ ընդդիմադիր անդամը լինելով, Եդիգարյանը չնկատելու տվեց այն ողջ ընտրական ֆարսը, որ արձանագրվեց 2003 թվականին տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում»: «Թող Եդիգարյանի վրա քար նետի այն ընդդիմադիրը (եւ իշխանավորը), ում ամենանվիրական երազանքը պաշտոնյայի կաբինետը չէ», - արդարացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Պարզապես մեկը իրեն միայն երկրի նախագահ է պատկերացնում, երկրորդը պատրաստ է բավարարվել վարչության պետի տեղակալի պաշտոնով»:

«Կադրերն են որոշում ամեն ինչ» շրջանակում «Առավոտ» թերթի այսօրվա հերոսն էլ իր էքսցենտրիկ վարքով հայտնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, որը, հակառակ կառավարության որոշման, բնակարաններ է շարունակում բաշխել: Ընդ որում՝ երբեմն եռահարկ շենքի չորրորդ հարկում: Ինչ վերաբերում է մեծ հաշվով Հայաստանում իշխանական կոալիցիայի ապագային, իշխանական ճգնաժամի հավանականությանը, «Հայկական ժամանակի»-ի մեկնաբանը ուրվագծում է. - «Կոալիցիայի անդամ կուսակցությունների հարաբերությունները զարգանում են կանխատեսելի հունով: Նրանց հարաբերությունների որակը չփոխեց: Այստեղ բոլորը բոլորին համարում են կուրտիզանուհի»: Իրավիճակը, սակայն, մեկնաբանի սահմանմամբ, պետք է վերլուծել Ռոբերտ Քոչարյանի տեսանկյունից, քանի որ իշխանությունն առաջին հերթին նա է: Մեկնաբանի հայացքով՝ «ամեն ինչ ընթանում է ըստ Քոչարյանի պլանավորածի. ինչքան կոալիցիայի ներսում խորանան հակասությունները, այնքան կուժեղանա Ռոբերտ Քոչարյանի՝ որպես արբիտր հանդես գալու հնարավորությունը»: «Հակասությունների խորացումը ուժեղացնում է Քոչարյանի իշխանությունը, իսկ տրամաբանությունը հուշում է, որ նախագահական նստավայրը պետք է որ խրախուսի այդ հակասությունների խորացումը», - բանաձեւել է «Հայկական Ժամանակ»-ը՝ նաեւ մատնանշելով. - «Ներիշխանական փառահեղ ինտրիգներ հաղթահարած Ռոբերտ Քոչարյանը լավ է հասկացել, որ առաջին հերթին պետք է պաշտպանված լինել այն մարդկանցից, ովքեր ունեն իշխանություն եւ ունեն լծակներ»:

«Բյուջեի գերակատարման հաշվետվություններ, տնտեսական աճի հայտարարություններ, բայց արդյունքում՝ միայն գների բարձրացում», - այսպես է «Առավոտ» թերթը խտացնում մեր պետական-հասարակական ընթացքը: «Առավոտ»-ի գնահատականով, ընտրություններից մի քանի ամիս հետո «գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված բոլոր անակնկալներն ամբողջությամբ իշխանության խղճին են, որը նախընտրական շրջանից հետո միայն, չնայած տնտեսական զգալի աճին, հանկարծ հիշեց, որ սակագները մեզ մոտ ցածր են անգամ ինքնարժեքից, հետեւաբար՝ անհրաժեշտ է անհապաղ բարձրացնել դրանք»:

«Զանազան միջոցառումների առիթով Հայաստան ժամանող սփյուռքահայերից հաճախ ենք լսում իշխանությունների հասցեին ուղղված դրվատանքի խոսքեր: Ասում են, որ Հայաստանում կյանքը լավացել է... Ճիշտ նույն բաներն են ասում, ինչ նախագահի ընտրությունների օրերին ասում էին Քոչարյանին սատարողները: Ստացվում է, որ մեր իշխանությունների կատարած այն ամեն լավը, որ տեսնում են սփյուռքահայերն ու Քոչարյանին սատարողները, չեն ուզում տեսնել բուն ժողովուրդն ու ընդդիմությունը»: Բացատրությունը, «Այբ-Ֆե» թերթի դիտարկմամբ, հետեւյալն է. - «Սփյուռքահայերը, ի տարբերություն Հայաստանի շարքային քաղաքացիների, հնարավորություն ունեն օգտվել սրճարաններից եւ լիուլի օգտվում են: Իսկ եթե նստած ես, ասենք, օպերայի դիմացի սրճարաններից մեկում, հաստատ չես նկատի, թե ինչպես է նույն այդ սրճարանը աղավաղում օպերայի տեսքն ու վեհությունը: Դա կարող են նկատել միայն այդ սրճարաններում չնստողները, այսինքն՝ Հայաստանի շարքային քաղաքացիները, որոնք, տվյալ դեպքում, ստացվում է, դրսից նայողի դերում են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG