Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյան. «Քաղաքապետարանում շուտով բավականին պաշտոններ թափուր կլինեն»


Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում, պատասխանելով կադրային փոփոխություններին վերաբերող հարցերին, ասաց, թե որեւ մեկը անձնական նկատառումներով աշխատանքից չի ազատվում, «Քաղծառայության մասին» օրենքը չի խախտվում:

Այդուհանդերձ, քաղաքապետի խոսքերով, շատ շուտով «բավականին պաշտոններ թափուր կլինեն»:

«Երկու օրվա ընթացքում այդ ցանկը կներկայացվի համապատասխան խորհուրդ, կլինի հայտարարություն եւ բոլորը կարող են մասնակցել եւ, եթե մրցույթում կհաղթեն՝ ընդունվեն աշխատանքի», -ավելացրեց Երվանդ Զախարյանը:

Պատասխանելով մի քանի օր առաջ քաղաքապետի նոր «Մերսեդես»-ի լուսանկարը տպագրած «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին այդ մեքենայի գնի վերաբերյալ, Զախարյանը ասաց. - «Այդ «Մերսեդես»-ը նախ թարմ չէ՝ չորս տարվա մեքենա է: Եվ երկրորդ, այդ «Մերսեդես»-ի գինը ոչ թե 80-100 հազար դոլար է, այլ 39 հազար դոլար»:

Չասվեց, այդուհանդերձ, թե ինչ գումարներով ձեռք բերվել այդ ավտոմեքենան:

Ասուլիսի ընթացքում Երվանդ Զախարյանը անդրադարձավ ինչպես ընթացիկ, այնպես էլ ծրագրային խնդիրների: Ծանուցվեց, մասնավորապես, թե մշակվում են հետագա 4 տարիների Երեւանի ինչպես քաղաքաշինության, այնպես էլ բարեկարգման, բնակարանային ֆոնդի պահպանման ուղղությամբ «կոնցեպտուալ մոտեցումներ»:

Առաջիկա ձմռանը մայրաքաղաքում ջեռուցման հարցը դեռ քննարկումների փուլում է: Նախորդ տարիներից կուտակված ջեռուցման պարտքերը կազմում են մոտ 6,5 միլիարդ դրամ (շուրջ 12 մլն դոլար): Ուսումնասիրվում է նաեւ յուրաքանչյուր շենքի առանձնացված ջեռուցումը, անգամ առանձին վերցրած յուրաքանչյուր բնակարանի ջեռուցումը կազմակերպելու հնարավորությունը: Վերջինը, Զախարյանի խոսքերով, կարող է հնարավոր դառնալ 2-3 տարվա ընթացքում եւ կարժենա յուրաքանչյուր բնակարանի համար 200-400 դոլար:

«Նոր հողահատկացումներ կանաչապատ տարածքներում քաղաքապետարանը այսօր չի իրականացնում», - ասաց քաղաքապետը՝ վստահեցնելով, թե ներկայումս այդ տարածքներում ընթացող շինարարական աշխատանքները իրականացվում են նախկինում տրված թույլտվությունների համաձայն:

Իսկ ինչ վերաբերում է ապօրինի կառույցներին, ապա Զախարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի քաղաքաշինության վերահսկողության վարչությունը ընդլայնվել ու համալրվել է նոր աշխատակիցներով եւ ներկայումս թաղապետարանների հետ միասին «լուրջ աշխատանքներ են կատարվում ապօրինի շինությունների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG