Մատչելիության հղումներ

Աշխատատեղերի մասին տեղեկությունները տեղադրվել են Ինտերնետում


Հայաստանի սոցիալական ապահովության նախարարության «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները մշակել են թափուր աշխատատեղերի հաշվառման «Գործ» համակարգչային ծրագիրը, որի առանձին ենթածրագրերը արդեն ներդրվել են մայրաքաղաքի եւ Վանաձորի 11 զբաղվածության տարածքային կենտրոններում։

Սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանի խոսքերվ, համակարգի ներդրումը էապես կբարելավի զբաղվածության խնդիրների կարգավորումը:

«Այս կարգի տեղեկատվական շտեմարանների առկայությունը, ժամանակակից տեխնիկական միջոցներով դրանց ապահովումը ուղղակի անհրաժեշտություն է ե'ւ կառավարման աստիճանը բարձրացնելու, ե'ւ մատուցվող ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու, ե'ւ համակարգին ուղղակիորեն առնչվող սոցիալական շերտերի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով», - ասաց Աղվան Վարդանյանը՝ դիմելով զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրեններին եւ նոր համակարգը մշակող ու ներդնող մասնագետներին, ում չորեքշաբթի օրը հրավիրել էր խորհրդակցության:

Ներդրված ծրագրի պատվիրատու՝ սոցիալական ապահովության նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական գործակալության պետ Սոնա Հարությունյանի փոխանցմամբ, նշված տարածքային կենտրոնների համակարգիչների մեջ գրանցվել են 4960 գուրծազուրկ մարդկանց տվյալները։ Առավել բարդ է թափուր աշխատատեղերի առկայության վերաբերյալ գործատուներից տեղեկություններ հայթայթելը, թեեւ թվում է, թե դա պետք է ավելի ձեռնտու լինի գործատուներին։ Մինչդեռ, գործատուների առաջարկած թափուր աշխատատեղերի թիվը ներկա դրությամբ ընդամենը 1172 է։

Հարությունյանի համոզմամբ, այս ծրագիրը պետք է ներդրվի հանրապետության մնացած 40 զբաղվածության տարածքային կենտրոններում եւս ու դառնա համընդգրկուն։ Պետք է ներառվեն ոչ միայն տվյալներ աշխատատեղերի առաջարկի եւ պահանջարկի, այլեւ գործազուրկին այդպիսի կարգավիճակ շնորհելու, գործազրկության նպաստ վճարելու, նպաստի հատկացումը կասեցնելու, գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթացների վերաբերյալ տվյալները։

Ըստ գործակալության պետի, այս տարվա սկզբի նկատմամբ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 0.5 տոկոսով նվազել է՝ կազմելով 9 տոկոս, որը վերստին բարձր ցուցանիշ է։

Հարությունյանի փոխանցմամբ, այս տարի զբաղվածության կենտրոնների միջոցով վերաորակավորվել կամ վերապատրաստվել ու արդեն աշխատանքի է տեղավորվել 5000 գործազուրկ։ Իսկ ընդհանուր առմամբ, գործազուրկ մարդկանց ուսուցման ծրագրերը գործակալության պետը արդյունավետ է համարում:

Գործազրկության նպաստի առավելագույն չափը 3900 դրամ է։ Այն գործազուրկին կարող է տրվել 5-12 ամիս, որից հետո եւս երեք ամիս տրվում է 1300 դրամի չափով դրամական օգնություն, ինչով էլ սահմանափակվում է պետության օգնությունը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG