Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Համառ են շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Հայաստանի տնտեսության շահութաբեր ոլորտների վերաբաժանում է տեղի ունենում: Մամուլը պարբերաբար տալիս է օլիգարխների անուններ, որոնցից այս կամ այն բիզնեսը վերցվում եւ տրվում է մեկ այլ տնտեսվարողի: Կա՞, արդյոք, նման վերաբաժանում: Պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի հարցերին, «Միկա-լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը ասում է. - «Որքան ես գիտեմ՝ ով ինչ բիզնեսով զբաղվել է, շարունակում է զբաղվել իր գործով, եւ տնտեսական ոլորտների վերաբաժանում ինձ հայտնի չէ»: «Հայաստանում ազնիվ բիզնեսը կարո՞ղ է գոյատեւել առանց իշխանական տանիքի» հարցին Բաղդասարովը պատասխանել է. - «Ես տեւական ժամանակ Հայաստանում չէի, ուստի այս պահի գնահատականը տալ չեմ կարող: Բայց մինչեւ վերջերս, այո, հնարավոր էր»: «Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը ձեր բիզնեսը չի հանձնի իր մերձավորներին» հարցին հետեւել է այսպիսի պատասխան. - «Բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Ես, իհարկե, վստահ չեմ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իշխանություն կգա: Եթե գան դեմոկրատական, առաջադիմական ուժեր, ես վստահ եմ, որ իմ բիզնեսը կմնա»: «Պատգամավոր Մանուկ Գասպարյանը պնդում է, թե բոլոր շահութաբեր ոլորտները ծագումով հայաստանցիներից վերցնում եւ տալիս են ղարաբաղցիներին» հարցին էլ «Միկա-լիմիթեդ»-ի նախագահը արձագանքում-ախտորոշում է. - «Ինձ թվում է, Մանուկ Գասպարյանը գլխի հետ կապված լուրջ պրոբլեմներ ունի»:

«Առավոտ» թերթի մեկնաբանը զուգահեռում է, որ նախընտրական Ադրբեջանը շարժվում է մեզ քաջ հայտնի երթուղիով, Հայաստանի՝ արդեն անցած ճանապարհով եւ հեգնանքով գնահատում. - «Դա վատագույն ճանապարհը չէ, քանզի գոնե Հայաստանի պարագայում այդ ուղու շնորհիվ մի խումբ հայ բարձրաստիճաններ բոլորովին վերջերս Մոնթե Կառլոյում ինտեգրվել են եվրոպական քաղաքակրթությանը»:

«Վերջին մեկուկես տարում Հայաստանում սեփականաշնորհված 44 ձեռնարկություններից 17-ը չեն կատարել իրենց պայմանագրային ներդրումային պարտավորությունները». սա Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նոր բացահայտումներից է: «Այս կառույցը ժամանակ առ ժամանակ, ամենաքիչը՝ տարին մեկ, ցնցում է մեր երեւակայությունը ստուգումների մասին իր եզրակացություններով՝ հայտնաբերելով բյուջեի կատարմանը վերաբերող խախտումներ եւ տպավորություն ստեղծելով, թե այդ կարեւորագույն ոլորտն իր հսկողության տակ է։ Բայց բանն էլ հենց այն է, որ նրա գործն ընդամենը խախտումները հայտնաբերելն է ու այդ մասին բարձրաստիճան ղեկավարությանը զեկուցելը... Հետո եզրակացությունները նետվում են աղբարկղ, իսկ քաղաքացիները բավարարվում են նրանով, որ եւս մեկ անգամ համոզվում են՝ բյուջեն կողոպտվում է։ Իսկ սա նշանակում է, որ կարելի է շարունակել կողոպտել ու խաբել», - ուրվագծում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Այնպես որ, զուր է ԱԺ Վերահսկիչ պալատը հույսեր փայփայում, թե իր լիազորությունները կընդլայնվեն։ Իսկ եթե ընդլայնվեն էլ, քանի՞ նման հանցագործություն է բացահայտել դատախազությունը, որի լիազորություններն անհամեմատ շատ են, քան Վերահսկիչ պալատինը»։

«Միջազգային ֆինանսական շուկայում սկիզբ առած անկայունությունը նոր դրսեւորումներ է ստանում։ Այս զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան Հայաստանի ֆինանսական շուկայի եւ տնտեսության վրա»։ «Հայոց Աշխարհ» թերթի հարցերին ի պատասխան, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշում է. - «ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի աճը հիմնականում կապված է վերջին շրջանում եվրագոտու տնտեսական իրավիճակի վատթարացման եւ, ի հակադրություն դրա, Միացյալ Նահանգներում տնտեսության մոտակա վերականգնման նախանշանների հետ... Թեպետ միջազգային շուկաների միտումներն անխուսափելիորեն ազդում են ներքին շուկայում փոխարժեքների ձեւավորման վրա, այնուամենայնիվ, ներքին բնույթի գործոնների ազդեցությունը երբեմն գերակշռում է միջազգային գործոններին»: Առաջին կիսամյակում սղաճը Հայաստանում Կենտրոնական բանկի նախատեսածից երկու անգամ մեծ է եղել: Պատճառներից Տիգրան Սարգսյանը, որպես ժամանակավոր դրսեւորումներ, թվարկում է հացի եւ հացամթերքների գների աճը եւ գյուղատնտեսության վեգետացիոն շրջանի ուշացումը։ «Հացի գների նոր բարձրացումը դարձյալ չի ազդի՞ սղաճի մակարդակի վրա» հարցին Սարգսյանը պատասխանել է. - «Անշուշտ, ազդելու է, որովհետեւ հացի տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում բավական մեծ է։ Սակայն հիմա շատ դժվար է կանխատեսել, թե որքան երկարաժամկետ կլինի գների բարձրացումը»:

Սեւծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, որի հետ Ստամբուլում զրուցել է «Ազգ» թերթի թղթակիցը, «ներսից» հայացքով կիսվում է. - «Թուրք քաղաքական շրջանակները դժվար են պատկերացնում, թե ինչպես է հնարավոր գտնել համալիր լուծումներ՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, Ցեղասպանության հարցը: Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը թուրք քաղաքական շրջանակների համար բարդ խնդիր է, եւ այն լուծումը, որ տրվել է 1921 թ., այլեւս հնարավոր չէ։ Անհրաժեշտ է գտնել նոր լուծում... Ասել, որ այս կամ այն կառավարության իշխանության գալով հայ-թուրքական հարաբերություններում դրական լուրջ տեղաշարժեր են եղել կամ կլինեն, իրատեսական չէ։ Էրդողանը եւ իր կառավարությունը հայտարարել են, որ ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Բայց պետք է նկատել, որ ռազմավարական փոփոխություններ չկան, նույն քաղաքական գիծն է տարվում, ինչ եղել է 1991 թվից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG