Մատչելիության հղումներ

Կրթության նախարարը հերքում է, թե տարաձայնություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ


Երկուշաբթի օրը Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հերքել է մամուլի հրապարակումները, թե ինքը բուհական ընդունելությունների հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմից հեռացրել է հանձնաժողովում Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչին:

Անցած շաբաթ ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը գրել էր, թե քննաշրջանի կեսից հանրապետական ընդունող հանձնաժողովում Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Հովհաննես Քարումյանը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր եւ հանձնաժողովի նախարարական թեւի միջեւ բախման պատճառով:

«Կրթության նախարար Սերգո Երիցյանը Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի միջամտությամբ հասել է այն բանին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը հանձնաժողովի աշխատանքներին այեւս չմասնակցի», - գրել էր «Երկիր»-ը:

Այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հրապարակումը համապատասխանում է իրականությանը, նախարարը ասաց. - «Միջադեպ չի եղել: Յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ ինքն է նախընտրում, թե ինչպես իրականացնել հանձնաժողովի անդամի իր պարտականությունները»:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Մարտիրոսյանի մեկնաբանությամբ էլ՝ Քարումյանը որոշ նիստերի չի մասնակցել սոսկ «ժամանակի սղության պատճառով»: «Իսկ հետագայում ե'ւ նիստերին է մասնակցել, ե'ւ ընթացիկ աշխատանքներին է մասնակցել», - ավելացրեց Մարտիրոսյանը:

Ընդհանուր առմամբ, այսօր հրավիրած ասուլիսի նպատակը արդեն ավարտված ընդունելության քննությունների ամփոփումն էր: Նախարարը հայտարարեց, որ «գոհ է քննությունների ընթացքից»:

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ այս տարի ընդունվել են 2618 դիմորդ՝ պետպատվերի համարկագով եւ 3919 դիմորդ՝ վճարովի համակարգով: Եվս 1548 մարդ ուսանողի կարգավիճակ է ստացել առանց զինծառայությունից տարկետման իրավունքի:

Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների վերահսկողությանը, այդ ընթացքում տեղ գտած խախտումներին, կաշառառության դեպքերին, ապա Սերգո Երիցյանը հավաստիացրեց, թե «դեռեւս նման բաներ չենք լսել»:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG