Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարում է Հունանյանի նոր պաշտպանի միջնորդությունը


Երկուշաբթի օրը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության նիստում դատավոր Սամվել Ուզունյանը բավարարեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի նոր փաստաբանի միջնորդությունը՝ դատական նիստերը մեկ շաբաթով ընդմիջելու մասին, որպեսզի Հունանյանի շահերի նոր պաշտպանը ծանոթանա գործի նյութերին:

Դեռ մի քանի ամիս առաջ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հրաժարվել էր փաստաբան Բենիամին Մինասյանի ծառայություններից, սակայն դատական նախորդ նիստում հանդես էր եկել փաստաբան ընդգրկելու միջնորդությամբ, եւ նույնիսկ ասել էր, թե դեմ չի լինի, եթե իր շահերը պաշտպանի նույն Բենիամին Մինասյանը:

Վերջինս, սակայն, այսօրվա նիստում հրաժարվեց, եւ մեկժամյա ընդմիջումից հետո դատարան ներկայացավ Հունանյանի շահերի նոր պաշտպանը՝ Հայաստանի փաստաբանների միության անդամ Սամվել Մարտիրոսյանը: Իսկ դատավոր Ուզունյանը բավարարեց Մարտիրոսյանի միջնորդությունը՝ դատավարությունը մեկ շաբաթով հետաձգելու մասին, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա ծանոթանալ գործի նյութերին:

Սամվել Մարտիրոսյանը, մինչդեռ, պատրաստվում է մեկ շաբաթ անց նոր միջնորդությամբ հանդես գալ: «Ես մեկ շաբաթ հետո ժամկետ նորից պահանջելու եմ, եթե, իհարկե, իմ պաշտպանյալը դրան դեմ չլինի», - նիստից հետո հայտարարեց Մարտիրոսյանը:

Նաիրի Հունանյանը, սակայն, դեռ նիստի ժամանակ հայտարարել էր, թե դեմ է ավելի երկար ժամանակով դատավարությունը հետաձգելուն, որովհետեւ կողմնակից է դատավարությունը շատ արագ ավարտելուն:

Տեղին է, թերեւս, հիշեցնել, որ վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում տուժող Սմբատ Այվազյանի եւ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի կողմից նույնպես նոր անձինք էին ներգրավվել դատարանում իրենց շահերը ներկայացնելու նպատակով՝ Արամազդ Զաքարյանը, Լեւոն Եղիազարյանը, Արտակ Զեյնալյանը, Սուրեն Սուրենյանցը, եւ բոլորն էլ դատարանից ժամանակ էին խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր Սամվել Ուզունյանը, սակայն, մերժեց բոլորի միջնորդությունները՝ հիմնավորելով, որ դրանք օրենքի շրջանակից դուրս են, իսկ նոր ներգրավված մասնակիցները գործի նյութերին կարող են ծանոթանալ առանց նիստերը հետաձգելու:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG