Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի պատվիրակները հավաստիացումներ են ստանում, որ մահապատիժը կվերացվի ամենամոտ ապագայում


Ազգային ժողովի եւ կառավարող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցություններից Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի անդամներ Երժի Յասկերնիային եւ Ռենե Անդրեին հավաստիացրել է, որ մինչեւ սեպտեմբերի 25-ը Ազգային ժողովը կվավերացնի մահապատիժն անվերապահորեն արգելող Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվեցիային կից 6-րդ արձանագրությունը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, իր հերթին, ուրբաթ օրը տարածած հայտարարությամբ հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կավարտի Եվրախորհրդին անդամակցությամբ հանձնառած պարտավորությունների կատարման գործընթացը:


Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո , Երժի Յասկերնիան լրագրողներին փոխանցեց, որ արտգործնախարարից նույնպես հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանը կկատարի իր բոլոր պարտավորությունները:

«Իմ զեկույցը կներկայացվի Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովին հունվարին: Մենք առաջընթաց տեսնում ենք», - արտգործանախարարի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Յասկերնիան: -«Որոշ հարցեր կլուծվեն մոտ ապագայում, այդ թվում՝ մահապատժի խնդիրը, մասնավորապես՝ 6-րդ արձանագրության վավերացումը»:

131 անդամ ունեցող խորհրդանում ընդամենը 16 մանդատ ունեցող ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունն է մաիյն դեմ արտահայտվել մահապատժի վերացմանը: Խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Եվրախորհրդի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «ճիշտ չէ շեշտը դնել մեկ պարտավորության վրա՝ անտեսելով մյուսները»:

Անդրադառնալով Հայաստանի հանձնառած մյուս պատրավորություններին, Յասկերնիան ասաց. - «Խնդիրներ են մնում կապված այլընտրանքաին զինծառայության հետ՝ Եհովայի վկաների խնդիրը, գիտակցաբար առարկողների նկատմամբ վերաբերմունքը: Լրատվամիջոցների բազմակարծության ապահովման խնդիր կա»:

«Կարեւոր խնդիր կա ընտրական օրենսդրության կապակցությամբ. նախագահական եւ խորհրդրանական ընտրությունների ժամանակ բազմիցս խախտվել է օրենքը, եւ միջազգային դիտորդները քննադատաբար են անդրադրաձել այդ հարցին», - ասաց նա:

Յասկերնիայի խոսքերով, Հայաստանի պարտավորությունների կատարման մասին քննարկումները Եվրախորհրդի խորհրդրանական վեհաժողովում անցնելու են 2004 թվականի հունվարին, եւ Հայաստանը դեռ ժամանակ ունի բոլոր պարտավորությունները կատարելու համար:

«Կցանկանայինք , որ Հայաստանը բոլոր պարտավորությունները կատարած լիներ, եւ մենք հստակ պատկերացում ունենայինք, թե Հայաստանը ինչպես է տեսնում առաջընթացը», - ընդգծեց Երժի Յասկերնիան:

Հարկ է հավելել, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրվելու խնդիրներով:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG