Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձում է արմատական լուծում տալ փախստականների բնակարանային խնդրին


Ինչպես հինգշաբթի օրը հայտարարեց Հայաստանի կառավարությանն առընթեր Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը, կառավարությունը 20 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է մշակել՝ փախստականների բնակարանային խնդիրը արմատապես լուծելու նպատակով:

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրված ճեպազրույցում Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է բնակարաններ կառուցել հանրակացարաններում կամ մասնավոր բնակարաններում վարձով բնակվող առավել անապահով 4000 փախստական ընտանիքների համար: Նրա փոխանցմամբ, կառավարությունը պատրաստ է հատկացնել ծրագրի ընդհանուր արժողության մեկ քառորդը՝ մոտ 5 մլն դոլար:

«Այդ թիվը արդեն ներառված է միջնաժամկետ ծրագրերի փաստաթղթում, իսկ մնացածը ակնկալվում է, որ կներգրավվի միջազգային դոնոր հանրության կողմից», - ասաց Եգանյանը՝ առանց մասնավորեցնելու:

Իսկ առայժմ կառավարության այսօրվա որոշմամբ 122 ընտանիքներ իրավունք ստացան անհատույց մասնավորեցնելու հանրակացարաններում իրենց զբաղեցրած տարածքները: 2001 թվականից ի վեր հանրակացարանների իրենց սենյակները մասնավորեցրել են շուրջ 272 բռնագաղթված ընտանիքներ։

2000 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն, հանրակացարանային սենյակների տեր կարող են դառնալ միայն այն փախստական ընտանիքները, որոնք 3 տարուց ավելի բնակվել են տվյալ հարկի տակ ու, միաժամանակ, ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մասնավորեցվող հանրակացանները նաեւ պետք է բավարարեն բնակության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին։

Գագիկ Եգանյանը հավաստիացրեց, որ հանրակացարաններում փախստականների զբաղեցրած տարածքների անհատույց մասնավորեցման գործընթացը շարունակվելու է:

Այսօր Հայաստանի 300 հանրակացարաններում, պանսիոնատներում, հյուրանոցներում եւ բնակության համար պիտանի կամ մասամբ պիտանի այլ շինություններում առանց սեփականության իրավունքի բնակվում են շուրջ 3000 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ 800-ը ապրում են պետական հիմնարկներին պատկանող կացարաններում, եւ առաջիկայում այդ ընտանիքների բնակտարածքի մասնավորեցման հարցը եւս կլուծվի՝ եթե իհարկե, այդ փաստականները քաղաքացիություն ընդունեն։

Մասնավոր հանրակացարաններում ապաստանած փախստականների բնակարանային ապահովության խնդիրը ավելի բարդ է։ Այն, որ փախստական ընտանիքների այդ խումբը ամեն րոպե կարող է սեփականատիրոջ պահանջով ու դատարանի վճռով վտարվել զբաղեցրած տարածքից, ընդունում է նաեւ Գագիկ Եգանյանը:
Արդեն բավական շատ են դեպքերը, երբ սեփականատիրոջ
պահանջով եւ դատարանի վճռով տասնյակ փախստական ընտանիքներ վտարվել են իրենց խղճուկ կացարաններից:

Եգանյանի խոսքերով, դրանք այն հանրակացարաններն են, որոնք մասնավորեցվել են մինչեւ 2000 թվականին ընդունված օրենքը, որը հանրակացարանների մասնավոր տերերին պարտադրում է փախստականներին սենյակներն ազատելու պահանջի դեպքում համարժեք կացարան կամ դրամական փոխհատուցում առաջարկել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG