Մատչելիության հղումներ

Վանաձորի սպանության գործով կալանվել է եւս մեկ անձ


Հայաստանի զինվորական դատախազությունից երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ օգոստոսի 6-ին Վանաձորի զորամասերից մեկում երեք զինծառայողների սպանության գործով կալանքի տակ է առնվել եւս մեկ կասկածյալ:

Կալանված անձը Վանաձորի բնակիչ Վահրամ Եսայանն է: Վերջինս, ի տարբերություն այս գործով ձերբակալված մյուս երկու կասկածյալների, զինծառայող չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նա բնակվում է հիշյալ զորամասի հարեւանությամբ:

Քննչական խմբի ղեկավար, զինդատախազ Խաչիկ Ղալթաղչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քննությունն ընթացքի մեջ, նշանակվել են մեկ տասնյակից ավելի փորձաքննություններ: Ու թեեւ փորձաքննությունների արդյունքները դեռ պատրաստ չեն, կարելի է պնդել, որ սպանությունը կատարվել է մեկ ավտոմատից:

Ղալթախչյանը ավելացրեց, որ ձերբակալվածները ինքնխոստովանական ցուցմունքներ են տվել՝ չմասնավորեցնելով, թե ով է սպանության անմիջական կատարողը:

Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը անցած շաբաթ ասել էր, որ սպանությունը հետեւանք է եղել այն բանի, որ ձերբակալված զինվորներից մեկը զոհերից մեկին 50 ԱՄՆ դոլար է վճարել՝ զորամասից դուրս գալը կազմակերպելու համար: Երբ պարզվել է, որ դա չի արվել, գումարը վճարած զինվորը մեկ այլ զինվորի հետ ներխուժել են պարեկային ծառայություն, ուր երկու այլ զինվորների հետ միասին քնած է եղել գումարը վերցնողը եւ, վիճաբանությունից հետո, սպանել են վերջիններիս:

Ձերբակալված զինվորներից մեկի՝ Արման Հովսեփյանի փաստաբանը, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե քննչական խումբը խոչընդոտում է պաշտպանյալի հետ իր հանդիպումներին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG