Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյան. «Քանի աշխատում եմ այս պաշտոնում, պայքարելու եմ ապօրինի շինարարության դեմ»


Պաշտոնավարման առաջին իսկ օրերից մայրաքաղաքում ապօրինի շինարարության դեմ անհաշտ պայքար ծավալած քաղաքապետ Երվանդ Զախարյանը հավաստում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները նույն թափով շարունակվելու են: Նոր քաղաքապետը նաեւ հստակեցնում է իրավասությունների բաժանումը քաղաքապետարանի եւ թաղապետարանների միջեւ:

«Տեղական ինքնակառավարման օրենքի համապատասխան եւ գործող Սահմանադրությանը համապատասխան, բոլոր հարկային մուտքերը թաղային համայնքների իրավասությունն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Երվանդ Զախարյանը: - «Այն խնդիրները, որ կապված են քաղաքի տնտեսության շահագործման հետ, պիտի տրվեն թաղապետարաններին: Իսկ գլոբալ հարցերը, առանցքային հարցերը, ընդհանուր քաղաքականությունը պիտի մնա քաղաքապետարանին»:

Զախարյանը միաժամանակ նշեց, որ քաղաքաշինությունը լինելու է քաղաքապետարանի բացառիկ լիազորության ու վերահսկողության տակ:

«Կա բնագավառ, որով ընդհանրապես պիտի զբաղվի միայն քաղաքապետարանը: Դա քաղաքաշինությունն է», - ասաց քաղաքապետը՝ անթույլատրելի համարելով, որ քաղաքի դիմագծի մշակումը բաժանավի 12 համայնքային ճարտարապետների միջեւ:

Դեռեւս կարճ պաշտոնավարման ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքապետի հրահանգով արդեն քանդվել են մի քանի կիսակառույց ապօրինի շինություններ: Քաղաքապետը վստահեցրեց, որ ապօրինի շինարարության դեմ անհաշտ պայքարը շարունակվելու է:

«Քանի աշխատում եմ այս պաշտոնում, ապօրինի շինարարության դեմ ես պայքարելու եմ», - հավաստիացրեց քաղաքապետը: - «Երեւան քաղաքում կատարվող ցանկացած շինարարական աշխատանք պետք է համաձայնեցված լինի քաղաքապետարանի հետ եւ պետք է վերահսկելի լինի եւ համակարգվի քաղաքապետարանի կողմից»:

Դա, Զախարյանի խոսքերով, վերաբերում է նաեւ «Լինսի» հիմնադրամի ճանապարհային շինարարությանը, քանի որ քաղաքապետարանը շահագրգիռ կողմ է կատարվող աշխատանքների որակի ու քանակի առումով՝ անկախ նրանից, թե ով է աշխատանքների պատվիրատուն:

Պատասխանելով նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանին աշխատանքից ազատելուն վերաբերող հարցին, Զախարյանը ասաց, թե հատկապես փոխքաղաքապետից ազատվելու խնդիր չի եղել:

«Ուղղակի, իմ կարծիքով, իմ աշխատանքը ավելի լավ կստացվի պարոն Արեյանի հետ, քան պարոն Վարդապետյանի», - բացատրեց քաղաքապետը՝ ընդհանրապես կադրային քաղաքականության մասին ավելացրելով, որ ինքը շատ պահանջկոտ է ինչպես իր, այնպես էլ կադրերի նկատմամբ: - «Ուստի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած դիրքից, պարտավոր է կատարել իր առջեւ դրված խնդիրները եւ կատարել որակով»:

Ներքաղաքային տրանսպորտին անդրադառնալով՝ քաղաքապետը ասաց, որ բազմաթիվ երթուղային տաքսիները խանգարում են մայրաքաղաքի երթեւեկությանը, ուստի մտադրություն կա մոտակա երկու-երեք տարիների ընթացքում երթուղային տաքսիների թվաքանակը կրճատել եւ մեծացնել ավտոբուսների քանակը:

Տրամվայներն ու տրոլեյբուսները, ըստ քաղաքապետի, Երեւանում «ապագա չունեն», քանի որ էլեկտրատրանսպորտը ծախսատար ոլորտ է. այստեղ բարձր է ծառայության ինքնարժեքը, ինչը տնտեսական առումով աննպատակահարմար է դարձնում տրամվայների ու տրոլեյբուսների շահագործումը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG