Մատչելիության հղումներ

Կարեն Դեմիրճյանի ընտանիքը որոշում է բոյկոտել դատավարությունը


Հինգշաբթի օրը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության նիստում Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերը դատարանում պաշտպանող փաստաբան Աշոտ Սարգսյանը հայտարարեց, որ չի վստահում մեղադրող կողմին ու դատարանին, ինչից հետո հեռացավ դահլիճից: Սարգսյանին հետեւեց նաեւ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որը դատական նիստերին մասնակցում էր որպես տուժողի իրավահաջորդ:

Նախորդ նիստում, հաշվի առնելով, որ դրանից առաջ մեղադրող կողմի միջնորդությամբ դատարանը որոշել էր դադարեցնել վկաների հարցաքննությունը (նախապես դատակոչված 129 վկաներից դատարանում ցուցմունքներ են տվել միայն 28-ը), Աշոտ Սարգսյանը հանդես էր եկել մի քանի տասնյակ վկաների դատարան կանչելու միջնորդությամբ: Դատարանը, սակայն, համաձայնել էր դատակոչել միայն 5 վկայի: Դեմիրճյանների ընտանիքը, քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշել է, որ այլեւս անիմաստ է մասնակցել դատավարությանը:

«Երեկվա միջնորդությունից հետո ես համամիտ եմ իմ վստահորդների հետ, որ իրոք դա [դատավարությունը] ֆարս է, եւ անիմաստ է մնալը, ֆիզիկապես ներկա գտնվելը այն դեպքում, երբ գործը գիտես եւ փորձում ես օգնել դատարանին՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարելու, սակայն դա հանդիպում է անհաղթահարելի խոչընդոտների», - լրագրողներին ասաց Աշոտ Սարգսյանը:

Փաստաբանի կարծիքով այս ամենն արվել է վերեւից իջեցված հրահանգով: Սարգսյանը որպես փաստարկ պնդեց, թե անցած 2,5 տարիների ընթացքում դատավորի որոշումները միշտ եղել են գործի օգտին, բայց այս տարվա հունվարից դատավորի գործողություններում կաշկանդվածություն է զգացվում: Իսկ դատավորին բացարկ չի հայտնում, որովհետեւ «բացարկի իմաստը արդեն կորել է»:

«Ռիմա Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Սամվել Դեմիրճյանը որոշեցին, որ անիմաստ է այս ամենին մասնակցելը», - ասաց Սարգսյանը՝ կարծիք հայտնելով նաեւ, որ գործը շուտ ավարտելու քաղաքական պատվեր կա: - «Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ ճակատագիր է սպասում անջատված մասին: Արժանապատվության հարցն է այստեղ՝ չմասնակցել, չլեգիտիմացնել այն ապօրինությունները, որ տեղի են ունենում դատարանում»:

Աշոտ Սարգսյանը կտրականապես հերքեց, թե իրենց բոյկոտը քաղաքական նկատառումներով է պայմանավորված՝ նշելով, որ այդ դեպքում դա կարվեր 2001 թվականի համաներումից հետո, երբ ազատ արձակվեցին «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվող 6 անձ: Աշոտ Սարգսյանն ասաց, որ այն ժամանակ էլ դատաքննությունից հեռանալու հարց են քննարկել, սակայն իրենց համար կարեւորը ոչ թե ինչ-որ ձեւ անելն էր, այլ ճշմատությունը բացահայտելու համար մինչեւ վերջ մնալը:

«Այսօր մենք արդեն վերջնականապես համոզվեցինք, որ համագործակցություն չկա», - եզրափակեց Աշոտ Սարգսյանը:

Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը հայտարարեց, թե դատաքննությունից չի հեռանում, որպեսզի «մեղադրյալները չարդարացվեն»: Ու քանի որ Աշոտ Սարգսյանի հեռանալուց հետո «մենակ է մնում», Յունոշեւը փոխանցեց իր վստահորդի՝ Արամ Սարգսյանի մտադրությունը դատարանում եւս մեկ ներկայացուցիչ ունենալու մասին ու միջնորդեց մինչեւ երկուշաբթի հետաձգել դատավարությունը, որպեսզի իր նոր գործընկերը կարողանա ծանոթանալ նյութերին:

Դատավոր Ուզունյանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը:

Յունոշեւը նաեւ հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ այդմ՝ դատարանում ստեղծված լարված իրավիճակը անպայման ազդեցություն կունենա երկրի իրավիճակի վրա, իսկ այդ լարվածության պատասխանատվությունն ընկնում է մեղադրող կողմի, գլխավոր դատախազության, դատարանի, պետական մարմիների եւ առաջին հերթին՝ նախագահ Քոչարյանի վրա:

Դատավոր Սամվել Ուզունյանը չբացառեց, որ Աշոտ Սարգսյանի հեռանալը ծրագրված քայլ էր, որի նպատակը դատավարությունը բոյկոտելն է: Նա դատավարության մասնակիցներին կոչ արեց զերծ մնալ «դատավարության հետ կապ չունեցող» հայտարարություններից:

Մեղադրող կողմի ներկայացուցիչներից Գագիկ Ավետիսյանը Աշոտ Սարգսյանը քայլը «անհեռատես» որակեց: «Գտնում եմ, որ դա չի բխում ինչպես դատավարության, այնպես էլ հենց իր պաշտպանյալի [նկատի ունի Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդին] շահերից»:

Մինչ այդ դատարանի դահլիճում Ավետիսյանն ասել էր, թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները ցանկանում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ», ընդամենը ձեւացնում են, թե ավելի շահագրգիռ են գործի քննությամբ, եւ ինչ-ինչ հարցեր պարզելու պատրանք են ստեղծում: Նրա խոսքերով, տուժող կողմի ներկայացուցիչների վերջին օրերի քայլերը նպատակ ունեն մոլորության մեջ գցել հանրությանն ու իրենց վստահորդներին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG