Մատչելիության հղումներ

Դատարանը մերժում է Նաիրի Հունանյանի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Ալեքսան Հարությունյանին որպես վկա դատակոչելու մասին


Չորեքշաբթի օրը «Հոկտեմբերի 27»-ի գործի դատական նիստում դատավոր Սամվել Ուզունյանը մերժեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի միջնորդությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 1999 թվականի հոկտեմբերին Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին եւ այն ժամանակ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանին որպես վկա դատարան հրավիրելու մասին:

1999 թվականին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչություն իրականացրած զինված խմբի ղեկավարը իր միջնորդությունը հիմնավորեց, թե քանի որ ինքը մեղադրվում է նաեւ հայրենիքի դավաճանության մեջ, ապա թող Ազգային ժողովի շենքում իր հետ բանակցած Ռոբերտ Քոչարյանն ու Ալեքսան Հարությունյանը գան ու դատարանում վկայեն, որ ինքը ինքնակամ է հանձնվել: Ահաբեկչի տրամաբանությամբ՝ եթե ինքնակամ է հանձնվել, ապա չի կարող մեղադրվել հայրենիքի դավաճանության մեջ:

1999 թվականին Ազգային անվտանգության նախարարությունը ղեկավարող Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու մասին իր միջնորդությունը Հունանյանը փաստարկեց հետեւյալ կերպ. քանի որ, ըստ գործի նյութերի, ինքը եղել է ազգային անվտանգության տեսադաշտում, թող այն ժամանակվա նախարարը դատարանում պարզաբանումներ տա, թե ինչի համար է հայտնվել հատուկ ծառայությունների տեսադաշտում:

Սամվել Ուզունյանը «ոչ ժամանակին» համարեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու մասին Հունանյանի միջնորդությունը, իսկ Ալեքսան Հարությունյանի մասով՝ մերժեց:

Երկուշաբթի օրվա նիստում դատավոր Սամվել Ուզունյանը բավարարել էր մեղադրող կողմի միջնորդությունը եւ որոշել դադարեցնել վկաների հարցաքննությունը՝ համաձայնելով մեղադրող կողմի հետ, թե արդեն հարցաքննված վկաների ցուցմունքները բավարար են:

Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը այսօր, բոլոր վկաներին հարցաքննելու պահանջը հիմնավորելով, կրկին ասաց, որ դա անհրաժեշտ է «բազմակողմանի քննություն» ապահովելու համար:

«Դուք ասում եք, թե մենք ուզում ենք կազմակերպիչների մասով այստեղ քննություն կատարել», - շարունակեց Սարգսյանը: - «Եթե կազմակերպիչների մասով դուք այդպես եք հասկացել, կրճատել եք վկաներին, նշանակում է՝ դուք վախենում եք, որ այդ վկաները այստեղ կարող են կազմակերպիչների մասին բաներ ասել»:

Աշոտ Սարգսյանի ներկայացրած ծավալուն ցուցակից դատավոր Ուզունյանը որոշեց դատակոչել ընդամենը 5 վկայի՝ Մուշեղ Մովսիսյանին, Միսակ Մկրտչյանին, Ավետիս Գրիգորյանին, Բագրատ Եսայանին եւ Սարգիս Եթիմյանին:

Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի փաստաբան Օլեգ Յունոշեւը, թեեւ այսօրվա նիստում չմիջնորդեց դատարան հրավիրել նախագահ Քոչարյանին, բայց այդ մտադրությունից չի հրաժարվել: Նա հայտարարեց, որ դեռ այդ ուղղությամբ աշխատելու են եւ, հիմնավորումները ի մի բերելուց հետո, հանդես կգան նման միջնորդությամբ:

Օլեգ Յունոշեւը այսօր նաեւ բացարկ հայտնեց մեղադրող կողմի ամբողջ կազմին՝ զինվորական դատախազության երեք եւ գլխավոր դատախազության երկու ներկայացուցիչներին: Բացարկը «անհիմն» որակելով՝ դատավոր Սամվել Ուզունյանը մերժեց այն:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG